Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հայ ներգաղթյալի ճակատագրի միջոցով մերկացվում է ողջ իրականությունը». Պատանի հանդիսատեսի թատրոնում կկայանա «Մերսեդես» ներկայացման պրեմիերան

17:05, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
«Հայ ներգաղթյալի ճակատագրի միջոցով մերկացվում է ողջ իրականությունը». Պատանի հանդիսատեսի թատրոնում կկայանա «Մերսեդես» ներկայացման պրեմիերան

Մայիսի 3-ին և 4-ին ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ կբարձրացնի` արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսի բեմադրությունը: «Պրեմիերային մնացել է մի քանի օր, ես ևս անհամբեր եմ, քանի որ դրամատուրգի համար չափազանց կարևոր է իր ստեղծագործությունը բեմում տեսնել»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ Անուշ Ասլիբեկյանն, ով առավել ևս արժևորում է բեմադրիչի հետ կենդանի համագործակցությունը: «Ինչպես նաև այս պիեսի բեմադրությամբ իմ խոնարհումը բերելու հնարավորություն կունենամ Հայոց մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակին: Այն նվիրվում է Եղեռնի 100-ամյակին, ինչպես նաև ազդագրի վրա կտեսնեք ևս մեկ նվիրում` բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի հետևյալ տողերը՝ «Եղեռնից մազապուրծ տատիս՝ Եղիսաբեթ Բուրսալյանի և պապիս՝ Խաչատուր Ղազանչյանի հիշատակին՛»,- նշեց դրամատուրգը:

«Պիեսը ցույց տվեցի մի քանի թատերական գործիչների՝ թատերագետ դասխոսներիս, դերասանների, բեմադրիչների, այդ թվում նաև Հակոբ Ղազանչյանին, ով անմիջապես բեմադրելու առաջարկությամբ դիմեց ինձ»,- նշեց Անուշ Ասլիբեկյանը:

Նրա խոսքով` ներկայացման մեջ զբաղված է թատրոնի գրեթե ամբողջ ռեսուրսը: «Թեʹ դերասանական մեծ կազմ, թեʹ ականատես կլինեք նկարիչ Անտոն Քեշիշյանի բեմական ձևավորմանը և թեʹ պարուսույց Գագիկ Կարապետյանի բեմադրությամբ պարային կտորներին»,- մեզ հետ զրույցում ասաց Անուշ Ասլիբեկյանը:

Ներկայացման կոմպոզիտորը Վահան Արծրունին է: Գլխավոր դերի համար Հակոբ Ղազանչյանի հրավերով Հայաստանում է ամերիկաբնակ հանրահայտ դերասանուհի Նորա Արմանին:

««Մերսեդեսը» պատմություն է եղեռնից փրկված ու Սալոնիկում հաստատված հայ ընտանիքի մասին, որի զավակներից մեկը՝ Զարուհին, մի օր որոշում է հայրենիք վերադառնալ և 48 թվականին մի խումբ ներգաղթյալների հետ հայտնվում է Խորհրդային Հայաստանում՝ մեծ հույսերով, հայրենասիրությամբ և նվիրական ապրումներով: Սակայն, այստեղ նրան սպասում էր այլ իրականություն, պիեսում պատմական իրադարձությունների հերթագայությամբ և հայ ներգաղթյալի՝ Զարուհու հավաքական կերպարի ճակատագրի միջոցով մերկացվում է ողջ իրականությունը. փորձություններով և կեղեքումներով լի մի կյանք՝ միմիայն հանուն հայրենասիրության»,- պատմեց դրամատուրգը:

Հիշեցնենք, որ ներկայացման պրեմիերան տեղի կունենա Պատանի հանդիսատեսի թատրոնում` մայիսի 3-ին և 4-ին, իսկ մայիսի 5-ին բեմադրությունը կներկայացվի Վանաձորում, 7-ին`Գյումրիում:

6522 | 0
Facebook