Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում առաջին անգամ կանցկացվի ժենգյալով հացի փառատոն

15:05, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Արցախում առաջին անգամ կանցկացվի ժենգյալով հացի փառատոն
     ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում, 2015-ի ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի Նիկոլ Դումանի տուն-թանգարանի տարածքում առաջին անգամ կազմակերպելու է «Ժենգյալով հացի փառատոն»: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
     Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր շրջան փառատոնին ներկայանալու է արցախյան ամենաճանաչված ուտեստի՝ ժենգյալով հացի պատրաստման գործում հմուտ և արհեստավարժ մասնակիցներով: Փառատոնին ներկայացվելու է ժենգյալով հացի պատրաստման ողջ գործընթացը, որն ուղեկցվելու է ուտեստի հետաքրքիր մատուցմամբ:
     Փառատոնի նպատակն է՝ արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումն ու հանրահռչակումը, ազգային ավանդույթների, սովորույթների, ազգագրական առանձնահատկությունների հանդեպ հոգածության և հարգանքի արմատավորումը:
     Ժենգյալով հացը, իրավամբ, համարվում է արցախյան խոհանոցի «այցեքարտը»: Ալյուրից, կանաչեղենից, ձեթից ու համեմունքներից պատրաստվող բացառիկ այս ուտեստը Արցախում պատրաստվում է վաղուց, իսկ գրավոր աղբյուրներում հիշատակվել է XIX դարի վերջերին, երբ գրավոր ավանդվել է արցախյան բանահյուսությունը: 2013թ. ժենգյալով հացն ընդգրկվել է ԼՂՀ կառավարության կողմից հաստատված՝ Արցախի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում: Ժենգյալով հացի փառատոնը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ արցախյան խոհանոցի փառատոնի շրջանակներում կազմակերպվող երրորդ միջոցառումն է: 2014թ. Ասկերանի շրջանի Խանցք գյուղում կազմակերպվել է թոնրահացի, Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում՝ արցախյան թթվի փառատոնը: Միջոցառման մեկնարկը կտրվի ապրիլի 29-ին ժամը 13:00-ին: Փառատոնը կուղեկցվի ավանդական հյուրասիրությամբ, հետաքրքիր խաղ-մրցույթներով, համերգային ծրագրով, արցախյան մշակույթի ներկայացման այլ միջոցառումներով: Մուտքն ազատ է:
9752 | 0
Facebook