Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ի՞նչ է նշանակում տարեցներին են կրճատում». Տիգրան Հովհաննիսյանը՝ «կրճատման տակ ընկած» վարորդների ու դիսպետչերների մասին

16:33, կիրակի, 26 ապրիլի, 2015 թ.
«Ի՞նչ է նշանակում տարեցներին են կրճատում». Տիգրան Հովհաննիսյանը՝ «կրճատման տակ ընկած» վարորդների ու դիսպետչերների մասին

«Տեղյակ եմ, որ հասարակական տրանսպորտի սակագինը չի բարձրանալու։ Գիտեմ նաև, որ դա վարորդների դժգոհությունների տեղիք է տվել, քանի որ մարդիկ չեն կարողանում տուն-ընտանիք պահել, հազիվ հասցնում են անտեղի ու չարդարացված տուգանքները մուծել: Այո՛, շատերը հեռացել են երկրից այս քաոսային վիճակի պատճառով, բայց թե սակագնի հետ կապված ի՞նչ քայլեր են ձեռնարկում վարորդները, տեղյակ չեմ»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
     Հարցին, թե ըստ շրջանառվող լուրերի՝ գծի տերերն սկսել են կրճատել տարեց վարորդներին, և ինչ կարծիքի է ՀԿ-ի նախագահը, վերջինն ավելի զարմացավ. «Ի՞նչ է նշանակում տարեցներին կրճատում են: Հենց նրանց պետք է պահեն, ոչ թե երիտասարդներին: Չեն հասկանո՞ւմ, որ տարեցներն են փորձառու և ապահով…»:
     Ի դեպ, Հայաստանի Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն օրերս հայտարարել էր, որ առաջիկայում Երևանում հասարակական տրանսպորտի սպասարկման նոր ընկերություններ կփակվեն: Նա ասել էր, որ արդեն յոթ ընկերություն փակվել է, քանի որ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը խնդրին լուծում չեն տալիս: Ըստ նրա՝ երթուղիների փակումը շարունակական է լինելու, մինչև ուղեվարձը չբարձրանա:
     Հավելենք, որ ըստ ոչ պաշտոնական լուրերի՝ խոսակցություններ կան, որ գծի տերերն սկսել են կրճատումներ անել վարորդների ու հատկապես դիսպետչերների շարքերում: Նախորդ ամսվա ընթացքում շուրջ 30 դիսպետչեր կրճատվել է, առաջիկայում նրանց թիվը կարող է հասնել 100-ի: Ասում են նաև, որ այս պահին գծի տերերը գործից հանում են հիմնականում տարեցներին:

4383 | 2
Facebook