Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պետք էր ավելի ուշադիր ծանոթանալ ՌԴ նախագահի ելույթին». Կրեմլի արձագանքը՝ Թուրքիային

12:41, շաբաթ, 25 ապրիլի, 2015 թ.
«Պետք էր ավելի ուշադիր ծանոթանալ ՌԴ նախագահի ելույթին». Կրեմլի արձագանքը՝ Թուրքիային

Կրեմլն արձագանքել է երեկ Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարությանը, որտեղ կոչ էր արվում Ռուսաստանին մինչև Թուրքիայի հասցեին մեղադրանքներ հնչեցնելը սեփական պատմության որոշ էջեր ուսումնասիրել: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրենց կարծիքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին պատճառ չէ Թուրքիայի կողմից բացասական արձագանքի համար:

Պեսկովը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար շատ կարևոր գործընկեր է, ԵՏՄ-ի մասնակից, Ռուսաստանի տարածքում ապրում են մեծ թվով հայեր և, ընդհանուր առմամբ, Մոսկվան և Երևանը պատմական խորը արմատներով են կապված միմյանց հետ, այդ իսկ պատճառով բնական է, որ նախագահը եղել է երևանյան հիշատակի միջոցառումներին այլ պետությունների առաջնորդների հետ:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է նաև, որ իրենք գնահատում են հարաբերությունները Թուրքիայի հետ և վերջինը պարզապես պետք է ավելի ուշադիր ծանոթանար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթին՝ Երևանում:
6095 | 0
Facebook