Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ի՞նչն է հանդիսացել վարակի պատճառ. պատկան մարմինները լռում են». Բաբկեն Պիպոյանը` Կոտայքի մարզում տարածված բրուցելյոզի մասին

15:01, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
«Ի՞նչն է հանդիսացել վարակի պատճառ. պատկան մարմինները լռում են». Բաբկեն Պիպոյանը` Կոտայքի մարզում տարածված բրուցելյոզի մասին

Բրուցելյոզի վարակը տարածվել է Կոտայքի մարզում: ՀՀ Առողջապահության նախարարության տեղկությամբ` այս պահի դրությամբ Սոլակ համայնքում կա 9 հիվանդ, որից 7-ը հոսպիտալացված են: Այս մասին տեղեկացնում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
     «Հատկանշական է, որ մինչ օրս պատկան մարմինների կողմից չկա որևէ հայտարարություն առ այն, թե ի վերջո ինչն է հանդիսացել վարակի աղբյուր: Դեռևս մարտ ամսին Սյունիքի մարզի Կապան քաղաքում գրանցված բրուցելյոզի դեպքից հետո, երբ հայտնաբերվել էր 19 հիվանդ, բարձրաձայնել էինք, որ անհրաժեշտ է պարզել, թե ինչպե՞ս են հիվանդ կենդանիներին տրվել առողջությունը հաստատող փաստաթղթեր, և ի՞նչ ռիսկեր է պարունակում բրուցելյոզի դեմ իրականացվող վակցինացիայի պիլոտային ծրագիրը, և ի վերջո, ո՞ր փուլում են հիվանդները վարակվել: Կոչ էինք արել նաև պարզաբանել, թե ինչո՞ւ են լռել պատկան մարմինները՝ չբարձրաձայնելով և փորձելով թաքցնել դեպքը: Մինչ օրս նշյալ հարցերի պատասխաններն այդպես էլ չեն բարձրաձայնվել»,- նշում է Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով` ուշագրավ է, որ վակցինացման աշխատանքներ են իրականացվում նաև Կոտայքի մարզի որոշ համայնքներում, և զուգադիպություն է, թե ոչ, սակայն հիվանդության 2-րդ բռնկումը հենց Կոտայքի մարզում է:
     Բաբկեն Պիպոյանը նաև նշում է, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն մշտապես բարձրաձայնել է վակցինացման հնարավոր ռիսկերի և վտանգների մասին և դեմ է եղել բրուցելյոզի նկատմամբ կենդանիների վակցինացմանը, քանզի գործող ենթակառուցվածքների պայմաններում, ինչպես նաև մի շարք անհրաժեշտ պայմանների բացակայության պարագայում, վակցինացում իրականացնելը նպատակահարմար չէ:

«Կոչ ենք անում պատկան կառույցներին ի վերջո պարզաբանել, թե ի՞նչ աշխատանքներ են իրականացվել վարակի աղբյուրի հայտնաբերման ուղղությամբ, ի՞նչն է հանդիսացել վարակի պատճառ, բրուցելյոզի ո՞ր տիպն է ի վերջո ախտորոշվել մարդկանց մոտ, և ի՞նչ գործողություններ են իրականացվում վարակի հնարավոր հետագա տարածումը կանխելու ուղղությամբ»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում էլ Հայաստանի սահմանամերձ, սակավամարդ գյուղերից մեկի անասնաբույժն, ով չցանկացավ հրապարակել իր անունն, ասաց, որ իրենց չնչին աշխատավարձով անհնար է անհրաժեշտ բոլոր պատվաստումներն իրականացնել: Այդ է պատճառը, որ պարբերաբար նման վտանգավոր հիվանդությունների բռնկում է նկատվում: «Այսօր անասնաբույժն ամսական ստանում է 10, առավելագույնը՝ 20 հազար դրամ, այն էլ 3-4 ամիս ուշացումներով: 10 հազար դրամով ո՞վ կգնա հարյուրավոր կովեր ու այլ կենդանիներ սրսկելու: Անգամ մի ֆերմայից մյուսը գնալու վառելիքի գումարը չի փակի»,- նշեց անասնաբույժը:

3577 | 0
Facebook