Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազնավուր. «Թուրքերը մեծ հարստություն են կուտակել այն ամենի հաշվին, ինչ պատկանել է հայերին»

10:58, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
Ազնավուր. «Թուրքերը մեծ հարստություն են կուտակել այն ամենի հաշվին, ինչ պատկանել է հայերին»

Ինչպես հայտնի է, երեկ ֆրանսիահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը եղել է Վլադիմիր Պոզների հաղորդման հյուրը: Պատասխանելով Պոզների` իր երկարակեցության գաղտնիքների մասին հարցին` Ազնավուրն ասել է. «Ես ապրում եմ նորմալ կյանքով և ոչնչի մասին չեմ մտահոգվում: Ես չգիտեմ` հավատում եմ արդյոք Աստծուն, բայց մտածում եմ, որ նա, ով Աստված է անվանվում, կարող է մեզ տալ անհրաժեշտ ամեն ինչ:

Ազնավուրը խոստովանել է, որ ոչ մի սննդակարգի չի հետևում. «Չի կարելի ուտել աղի, չի կարելի ուտել քաղցր, չի կարելի ուտել յուղոտ… Այդ ամենը ես ուտում եմ»: Հանրահայտ շանսոնիեն խոստովանել է նաև, որ չի զբաղվում սպորտով, բայց միշտ փորձում է ուղիղ պահել մեջքը: «Երբ սկսում ես կորանալ, սկսում ես քստքստացնել ոտքերդ: Բացի այդ, պետք է միշտ այնպիսի տպավորություն թողնես, թե քո կայնքում ամեն ինչ շատ լավ է: Դա շատ կարևոր է, քանի որ դու այդպիսով քաջալերում ես ուրիշներին ու ինքդ քեզ»,- ասել է Ազնավուրը:

Ազնավուրն անկեղծանալով պատմել է, որ ինքը չգիտի, թե որտեղից իրեն այդքան ուժ: «Ես ուղղակի անհաջողակ չեմ: Կան մարդիկ, ովքեր անհաջողակ են ծննդյան օրվանից ի վեր, ես անհաջողակի հակապատկերն եմ»,- նշել է նա ու հավելել, որ ինքը նաև կասկածամիտ մարդ է, ու դա չի բարդացնում կյանքը, այլ ընդհակառակը: «Երբ գիտես, որ ցանկացած դժբախտություն անխուսափելի է, դու հանգիստ ես ու պատրաստ ես աշխատել, որպեսզի ազատվես այդ դժբախտությունից: Իսկ նա, ով ի սկզբանե չգիտի, որ դժբախտութուն գոյություն ունի, դժբախտության դեպքում անմիջապես մահանում է»,- ասել է նա:

Շառլ Ազնավուրն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանն ու նշել, որ ապրիլի 24-ին` Ցեղասպանության 100-րդ տարելիցին, անպայման լինելու է Երևանում: «Չի կարելի արհամարհել այն, ինչ եղել է: Թուրքերին պետք է ասել, որ եկել է ժամանակը ճշմարտությունն ընդունելու»,- հայտարարել է Շանսոնիեն: Ըստ նրա` թուրքերը Ցեղասպանությունը չճանաչելու 2 պատճառ ունեն. «Նրանք չեն կարող ընդունել այդ փաստը, քանի որ գլխավոր բառը նրանց մոտ պատիվն է, ու դա հասկանալի է: Երկրորդ պատճառն այն է, որ մարդիկ մեծ հարստություն են կուտակել այն ամենի հաշվին, ինչ պատկանել է հայերին»:

Այդուհանդերձ, Ազնավուրը նշել է, որ թուրքերի հանդեպ ատելություն չի տածում, ու այդպես նրան դաստիարակել է մայրն, ով Ցեղասպանությունն իր մաշկի վրա է զգացել: «Մայրս թուրքերի հանդեպ ատելություն չուներ: Նա միշտ ասում էր, որ նրանց մեջ էլ լավ մարդիկ կան»,- պատմել է Ազնավուրը:

Հայազգի շանսոնիեն բարձր է գնահատել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ու ասել. «Հռոմի պապն այն բացառիկ մարդկանցից է, ովքեր ասում ու պաշտպանում են ճշմարտությունը` հակառակ ամեն ինչի ու չվախենալով ոչ մի սպառնալիքից ու նախատինքից»:

5747 | 0
Facebook