Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ 1915թ. հայերի կոտորածները կարելի է որակել որպես ցեղասպանություն

16:43, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ 1915թ. հայերի կոտորածները կարելի է որակել որպես ցեղասպանություն

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը համալրել է գերմանացի այն քաղաքական գործիչների շարքը, ովքեր կարծում են, որ Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ 1915թ. հայերի կոտորածները կարելի է որակել որպես ցեղասպանություն: Այս մասին գրում է «Դոյչե Վելե»-ն:

«1915թ. իրադարձությունները կարելի է ամփոփել ցեղասպանություն բառի մեջ»,- «Զյուդոյչե Ցայթունգ» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Շտայնմայերը՝ միաժամանակ նշելով իր այն մտավախությունը, որ այդ հարցի շուրջ տարաձայնությունները կարող են նաև խոչընդոտներ առաջացնել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսություն սկսելու հարցում:

Բունդեսթագի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» և «Քրիստոնեա-սոցիալական միություն» կոալիցիայի փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգն իր հերթին հայտնել է, որ իրենք պատրաստվում են հայերի կոտորածներն անվանել ցեղասպանություն բառով՝ չնայած Անկարայի բողոքների:

Նշենք, որ ուրբաթ՝ ապրիլի 24-ին, Գերմանիայի Բունդեսթագում նախատեսված են հայերի դեմ կատարվածը ցեղասպանություն որակելու հարցով քննարկումներ: Այս մասին Յունգը նշել է, որ Բունդեսթագի կողմից նախատեսվող բանաձևի տեքստի մեջ պետք է պարտադիր նշվի «ցեղասպանություն» բառը: Յունգը հույս է հայտնել, որ այդ բառն այս տարի կարտասանի նաև Գերմանիայի նախագահ Հոահիմ Գաուկը:
5244 | 0
Facebook