Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ նախագահը սատարում է Հռոմի պապի՞ն, թե՞ Թուրքիայի մահմեդական նախագահին. «New York Post»

15:45, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
ԱՄՆ նախագահը սատարում է Հռոմի պապի՞ն, թե՞ Թուրքիայի մահմեդական նախագահին. «New York Post»

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սատարում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՞ն, թե՞ Թուրքիայի մահմեդական նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,- այսպես է մեկնարկում «New York Post» պարբերականում հրապարակված հոդվածը, որն անդրադառնում է Միացյալ Նահանգների դիրքորոշմանը՝ 1915թ. հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու վերաբերյալ:

«Հարյուր տարի առաջ այս ամսին թուրք զինվորներն սկսեցին հայ քրիստոնյաների կոտորածը՝ օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ստեղծված քաոսային իրավիճակից: Ընդամենը 4 ամիս անց նրանք արդեն 800 հազար մարդու էին կոտորել:

Ընդհանուր առմամբ՝ այդ կոտորածներին զոհ գնաց 1,5 միլիոն մարդ: Պատմաբաններն այդ բարբարոսությունները որակում են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, սակայն Թուրքիան երբևիցե չի ընդունել մարդկության դեմ գործած իր հանցանքի իրական բնույթը՝ ներկայացնելով այնպես, թե իբր այդ տարիներին հայերը զոհվել են քաղաքացիական պատերազմի արդյունքում: Այդպես են վարվել նաև մի շարք երկրների ղեկավարներ՝ ռազմավարական խնդիրներն առաջնահերթ դասելու պատճառով:

Նրանց թվում է նաև, ցավոք, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով, ինչպես և իրեն նախորդած ԱՄՆ մյուս նախագահները, հայերի հոլոքոսթի մասին խոսելու ժամանակ երբևէ չի օգտագործել «ցեղասպանություն» բառը:

Սակայն մի քանի տարի առաջ՝ 2008թ., Օբաման իր նախընտրական քարոզարշավի ժամանակ բարձրաձայն հայտարարել էր, որ Ամերիկան այնպիսի նախագահի է արժանի, ով «ճիշտը կխոսի Հայոց ցեղասպանության մասին: Ես կլինեմ այդ նախագահը»:

Յոթ տարի է անցել այդ ամենից, և Օբաման դեռևս չի դարձել այդ նախագահը:

Մինչ այդ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ապրիլի 12-ին արված իր հայտարարությամբ դարձավ առաջին պապը, ով հրապարակայնորեն հայտարարեց, որ հարյուր տարի առաջ հայերի նկատմամբ իրականացվածը ցեղասպանություն էր: Մինչ այդ գրավոր կերպով այդ մասին խոսել էր միայն Հովհաննես Պողոս II պապը: Ֆրանցիսկոսի հայտարարությանն ընդամենը երեք օր անց հաջորդեց Եվրոխորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևը, որով կոչ էր արվում Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ»,- գրում է պարբերականը՝ հավելելով, որ Վաշինգթոնի լռությունն այս ամենի վերաբերյալ խորապես հիասթափեցնող է:
8176 | 0
Facebook