Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը դարձավ Հայոց ցեղասպանության հարուրամյակի հիշատակման լավագույն հրապարակախոսը. «Կալիֆորնիա Կուրիեր»

12:58, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Էրդողանը դարձավ Հայոց ցեղասպանության հարուրամյակի հիշատակման լավագույն հրապարակախոսը. «Կալիֆորնիա Կուրիեր»

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը լայնածավալ հոդված է հրապարակել, որտեղ նշում է, որ Էրդողանի ջանքերը և Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունները հակառակ ազդեցություն ունեցան՝ դառնալով Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման քարոզ:

«Մի քանի տարի առաջ, երբ հայերն սկսեցին ծրագրեր կազմել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման համար, նրանց առաջնահերթ երկու հարց էր անհանգստացնում. ինչպիսի՞ միջոցառումներ կազմակերպել, որ տեղին լինեն այդ իրողությունը հիշատակելու համար և ինչպե՞ս իրենց ծրագրերը գաղտնի պահել թուրքական կառավարությունից, որպեսզի այն չկարողանա խափանել կամ ձախողել դրանք:

Հայերն այն ժամանակ հազիվ թե կարողանային պատկերացնել, որ այդ հարցում թուրք ղեկավարները դառնալու են իրենց լավագույն «դաշնակիցը» և Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումները խափանելու փոխարեն սկսելու են այնպիսի անհեթեթ հայտարարություններով հանդես գալ, որ ակամայից դառնան գլոբալ առումով Հայոց ցեղասպանության լավագույն քարոզիչը:

Նույնիսկ հոլիվուդյան սցենարիստը չէր կարող այնքան բան անել, որքան Էրդողանը սկզբում վարչապետ լինելու, այնուհետև նաև՝ նախագահության տարիներին՝ ապահովելով աշխարհում ամենամեծ հնարավոր լսարանը 100-րդ տարելիցի ոգեկոչման համար:

Մինչև Ցեղասպանության հիշատակման տարելիցը Թուրքիայի նախագահը հասցրել էր արդեն իր անհեթեթ հայտարարություններով աղավաղել իր երկրի կերպարը: Նա նախ հայտարարեց, որ Կոլումբոսից առաջ Ամերիկան հայտնաբերել են մահմեդականները, ապա՝ որ մահմեդականները չեն կարող ցեղասպանություն իրականացնել, որից հետո նա հեռուստահաղորդավար Չառլի Ռոզիին հայտնեց, որ քանի դեռ Ստամբուլում դեռևս հայեր են ապրում, ապա հնարավոր չէր, որ ցեղասպանություն եղած լիներ: Այնուհետև Էրդողանն արգելափակեց սոցիալական կայքեր, հրամայեց ձերբակալել «Նոր ժամանակաների սուլթանի» մասին հոդված հրապարակած ուսանողին և ձերբակալել նաև մի շարք այլ լրագրողների՝ վտանգի տակ դնելով Թուրքիայում խոսքի ազատության հարցը:

Այդպիսի կոշտ հայատարարությունները հանգեցրին նրան, որ Էրդողանը թշնամացրեց բազմաթիվ երկրների ղեկավարներին, որոնց հետ Թուրքիան ակտիվորեն համագործակցում էր, ներառյալ՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, Իրանը, Իրաքը, Եգիպտոսը, Հունաստանը, Ռուսաստանը և Սիրիան:

Այս տարվա սկզբին՝ Ցեղասպանության հարուրամյակի մոտենալուն զուգընթաց, Էրդողանը հասավ իր այդ գործունեության գագաթնակետին: Նա հանդես եկավ մի «փայլուն» գաղափարով, այն է՝ ապրիլի 24-ին հիշատակել Գալիպոլիի ճակատամարտի հարյումյա տարելիցը և հրավիրել մոտ 100 երկրների առաջնորդներին՝ ներկա գտնվել այդ տարելիցի հիշատակման միջոցառումներին: Այդպիսով նա նպատակ ուներ շեղել աշխարհի տարբեր երկրների ղեկավարների ուշադրությունը Հայոց ցեղսպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման միջոցառումներից:

Նման մանկամիտ խաղերը պարզապես չէին կարող վրիպել միջազգային հանրության ուշադրությունից և Էրդողանի կեղտոտ հնարքները լուսաբանող բազմաթիվ հոդվածներ հրապարակվեցին: Արդյունքում ստացվեց այնպես, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները ձախողելու փոխարեն թուրք ղեկավարներն սկսեցին պրոպագանդել Ցեղասպանության հարյուրամյակը՝ նախքան հայերի կողմից որևէ միջոցառում կազմակերպելը»,- գրում է Սասունյանը:

Հեղինակը այնուհետ նշում է, որ վերոհիշյալ դեպքերին հաջորդեցին Հռոմի պապի՝ 1915թ. իրադարձությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակելը և Եվրոխորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության հարցով ընդունած բանաձևը, որոնց երկուսին էլ Թուրքիայի արձագանքը եղավ շատ բուռն և սպառնալիքներով լեցուն: «Հազարավոր թերթեր, հեռուստաընկերություններ և կայքեր անդրադարձան թուրք ղեկավարների կատաղի արձագանքին և քննադատեցին վերջիններին՝ Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով: Աշխարհի ուշադրությունն ամբողջությամաբ սևեռվեց հայերի վրա, որին նպաստեց նաև Քարդաշյանների՝ Հայաստան կատարած այցը, Հռոմի պապի հայտարարությունը և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի լայնածավալ լուսաբանումը համաշխարհային մամուլում»- գրում է Սասունյանը՝ հավելելով, որ հայերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին չէին կարող հասնել նման լայն հրապարակայնությաննույնիսկ եթե նրանք այդ ամենի PR-ի համար միլիարդավոր դոլարներ ծախսեին կամ PR-ի մեջ մասնագիտացած 100 ընկերություն վարձակալեին:
7797 | 0
Facebook