Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սգո օրերն ինչ-որ ակցիաների օր դարձնելն ինքս համարում եմ շատ անբարոյական». Կարինե Աճեմյան

13:08, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
«Սգո օրերն ինչ-որ ակցիաների օր դարձնելն ինքս համարում եմ շատ անբարոյական». Կարինե Աճեմյան

Եթե մինչև երկուշաբթի` ժամը 14:00-ն ազատ չարձակվեն «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն ու բոլոր այն քաղաքացիները, ովքեր անազատության մեջ են գտնվում քաղաքական հայացքների համար, ապա շուրջ 50 ազատամարտիկներ Ազատության հրապարակում կհայտարարեն հացադուլ-նստացույց: Այս մասին ապրիլի 17-ին հրավիրած հանրահավաքին հայտարարեցին ազատամարտիկները:
     Իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանն ասաց, որ թեև այդ քայլին գնում են մարդիկ, որոնք վաստակ ունեն և մեծ ներդրում՝ մեր երկրի փառահեղ հաղթանակներում, բայց նա, միևնույն է, ոչ մի կերպ չի կարողանում ընկալել, որ այս ժամանակահատվածում, երբ արտերկրից բազմաթիվ հյուրեր ունենք և խնդիր կա պատվով ներկայանալու նրանց, վերջինները նման քայլերի են գնում. «Ես կարծում եմ, որ այս օրերին մեր հյուրերի առջև այսպես ներկայանալը հարիր չէ մեզ: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ պատվով ներկայանալու աշխարհին, այսինքն՝ կարողանանք մեր ցավը կիսել, մեր խոսքն ասել… Ընդամենը կարելի էր սպասել, ձևեր գտնել, կարելի էր քննարկել…»,- նկատեց Կ. Աճեմյանը:
     Մեր թղթակցի դիտարկմանը, թե «Հիմնադիր խորհրդարանը» նախապես հայտարարել էր, որ արտառոց ոչինչ չի իրականացնելու, ամեն ինչ խաղաղ պայմաններում է ընթանալու, ուրեմն ինչի՞ համար և ո՞ւմ էին պետք այս ձերբակալությունները, մեր զրուցակիցն ասաց. «Հանգստի ու արտառոցի խնդիրը չէ: Վերջիվերջո սա բողոքի ակցիա է: Կարելի էր այն անել մի այնպիսի ժամանակ, երբ 100-ամյակի հետ կապված նման արարողություն չէր լինի»:
     Ինչ վերաբերում է ազատամարտիկների խնդիրներին, ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ «ոչ ոք դրանց մատների արանքով չի նայում», այնուամենայնիվ, նա այն համոզմունքին է, որ վերջինները նույնպես այս երկրի մի մասնիկն են և իրենց էլ պետք է մտահոգի միջազգային հանրության կարծիքը. «Պետք է հասկանան, որ ապրիլի 24-ն իրենց համար բողոքի օր չէ, որ այն կարող է լուրջ ազդեցություն թողնել համաշխարհային հանրության կարծիքի վրա: Այդ օրը մեր խնդիրները բարձրացնենք, դնենք այդ հյուրերի առջև ինչի՞ է նման: Ես ինքս տեղին և ժամանակին չեմ համարում այս բողոքի ցույցը»,- ասաց նա՝ տեսակետ հայտնելով նաև հասարակությունում ձևավորված այն կարծիքի վերաբերյալ, թե Ժիրայր Սեֆիլյանից իշխանությունները վախեցան միգուցե, դրա համար էլ ձերբակալեցին. «Ախր սխալ ձևակերպում է «վախենալ»-ը: Մենք խոսում ենք խայտառակվելուց: Ինչի՞ց վախենան, վախենալու բան չկա… Պարզապես մենք պետք է կարողանանք պատշաճ ձևով ներկայանալ, պարզապես պետք է կարողանանք միասնական սգալ այս օրը: Սգո օրերն ինչ-որ ակցիաների օր դարձնելը ինքս համարում եմ շատ անբարոյական»,- ասաց նա:

3485 | 5
Facebook