Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե նոր բան չունեն ասելու, ավելի լավ է լռեն». Լարիսա Ալավերդյանը՝ Քննչական կոմիտեի եզրակացության մասին

17:03, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
«Եթե նոր բան չունեն ասելու, ավելի լավ է լռեն». Լարիսա Ալավերդյանը՝ Քննչական կոմիտեի եզրակացության մասին

Հայաստանի քննչական կոմիտեն նախօրեին հրապարակեց եզրակացություն, որի համաձայն Ավետիսյանների տանը հայտնաբերված АКС ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին վկայող հետքեր կամ օտար նյութի մնացորդներ չեն հայտնաբերվել։ Եթե խլացուցիչ չի եղել, բնականաբար, 28 կրակոցներից գոնե մեկ-երկուսը լսելի կլինեին: Այս հարցը տարօրինակ է նաև Ավետիսյանների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանի համար, որն արդեն հայտնել է իր վերաբերմունքը եզրակացության վերաբերյալ` տարակուսանք հայտնելով, որ եթե խլացուցիչ չի օգտագործվել, ապա ինչպես է, որ հարևանները կրակոցի ձայները չեն լսել:
     «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում զարմանք հայտնեց, որ Քննչական կոմիտեն հայտարարում է արդեն կրկնված տեղեկությունը. «Ինձ համար, անկեղծ ասած, զարմանալի էր, որ արդեն տված լուրը կրկնվում է մի փոքր փոփոխված տարբերակով: Չգիտես ինչու տարածում են մի բան, որը, կարծես թե, պետք է պարզ լիներ ի սկզբանե: Ես համոզված եմ, որ բոլոր այդ տարակուսանքները, բոլոր այդ անվստահությունն ու կասկածները գալիս են նրանից, որ ի սկզբանե չի ստեղծվել այն հանձնաժողովը, որը նախատեսված էր Ռուսաստան-Հայաստան միջազգային պայմանագրով և որը կլուծեր բոլոր այդ հարցերը»,- ասաց իրավապաշտպանը՝ համոզմունք հայտնելով, որ այստեղ գոյություն ունեցող խնդիրները բխում են հենց դրանից, քանի որ այդ հանձնաժողովը փոխարինվեց միասնական շտաբի:
     Լ. Ալավերդյանի գնահատմամբ, խնդիր է նաև այն, որ այսօր հասարակությունն իշխանության ցանկացած քայլին, թեկուզև ճշմարիտ, չի վստահում և հենց այս առումով էլ նրա կողմից քաղաքական երանգները ցավագին են ընկալվում. «Ես երևի պետք է կոչով հանդես գամ, որպեսզի այսուհետ տարածված ինֆորմացիան չկրկնվի: Եթե ուրիշ բան չունեն ասելու, ավելի լավ է լռեն: Նորություն կլիներ, եթե փորձաքննությունը ցույց տված լիներ, որ այդ տղան չի կարող համարվել անմեղսունակ, ինչը իսկապես երկարատև ուսումնասիրություն, բժշկական քննություն էր պահանջում… նորությունը դա պետք է լիներ»,- ասաց նա:
     Պատասխանելով հարցին՝ թե, ըստ նրա, ինչո՞ւ է այսքան ձգձգվում այս գործի հետ կապված ուսումնասիրությունները, Լ. Ալավերդյանը նկատեց, որ կան այնպիսի բաներ, որոնք ձգվում են, և դրանք ոչ միայն մեր համակարգի թերությունների հետևանք են, այլև առկա են օբյեկտիվ պատճառներ: «Խնդիրն այն չէ, թե ինչ է տեղի ունենում, խնդիրն այն է, որ չկա վստահություն ցանկացած տեղեկատվության նկատմամբ, որը տարածվում է որոշ առումներով: Ես համոզված եմ, որ մեր պատկան մարմինները, հնարավոր է, աշխատում են ամենայն ճշգրտությամբ և օպերատիվությամբ, պարզապես խնդիրն այն է, թե հասարակությունն ինչպես է դա ընկալում: Եթե ճիշտ չի ընկալում և անվստահություն կա, պետք է ուրեմն՝ ճիշտ ներկայացնել: Չեմ ուզում առաջ ընկնել եզրակացություներով, սակայն համոզված եմ, խնդիրը գալիս է հասարակության պաշարված, կաղապարված անվստահությունից այդ մարմինների նկատմամբ, քանի որ հենց սկզբից այս գործին տրվեց կեղծ քաղաքականացված ուղղություն»,- շեշտեց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ եթե ի սկզբանե իրավական առումով քայլերը ճիշտ արվեին, մեծ վստահություն կլիներ և այսօր արդյունք կունենայինք:

3339 | 0
Facebook