Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ապրիլի 24-ին «կազմ-պատրաստ» լինելու ոստիկանության հրահանգը «Գրիգոր Լուսավորիչ»-ից հերքում են

14:51, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
Ապրիլի 24-ին «կազմ-պատրաստ» լինելու ոստիկանության հրահանգը «Գրիգոր Լուսավորիչ»-ից հերքում են

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաք-երթը, որի ժամանակ մասնակիցների ելույթներում կրկին հնչեցին կոչեր, թե «Հիմնադիր խորհրդարանի» կարգախոսը՝ «100-ամյակը առանց ռեժիմի», ուժի մեջ է լինելու: Խորհրդարանի նախկին անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ իր ելույթում ասաց. «Ապրիլի 24-ին ինչ-որ բան նախատեսվում է, որը մենք պետք է հասկանանք և կանխարգելենք: Ես կարծում եմ հասարակության դեմ է կազմակերպվում»: Նա իր խոսքում նշեց նաև, որ Նորքի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի անձնակազմին ոստիկանության կողմից հրահանգվել է, որպեսզի ապրիլի 22-24-ը «կազմ-պատրաստ լինեն և բացականեր չլինեն»: «Ի՞նչ գործողությունների են պատրաստվում իշխանությունները, ի՞նչ են ծրագրել, հիվանդանոցներում, ո՞ւմ են ընդունելու, ո՞ւմ են վիրավորելու, ո՞ւմ են վախեցնելու»,- նման հարցադրումներ է արել Խառատյանը:
     Նախախորհրդարանի նախկին անդամ, քաղաքական ակտիվիստ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ հայտարարություններին, ասաց, որ ի սկզբանե «Հիմնադիր խորհրադրանը» ապրիլի 24-ին ոչ մի արտառոց գործողություններ չի պլանավորել, ոչ մի արտառոց բան չպիտի տեղի ունենա: «Տղաները բախումների կողմնակից չեն: Եթե նույնիկ ինչ-որ բան սկսվի այդ օրը ՀԽ-ի կողմից երեկոյան Էրեբունու թանգարանի մոտ, իշխանությանը դրանից որևէ վտանգ չի սպառնում»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքապետարանն ապրիլի 24-ի հանրահավաքը թույլատրել էր: «Ստացվում է՝ մի ձեռքով ստորագրել են թույլտվությունը, մյուս ձեռքով՝ կանխարգելիչ գործողությունների թույլտվությունը՝ տղաներին ձերբակալելու որոշումը»:
     Տ. Խզմալյանի խոսքով՝ ՀԽ-ի համար այսօր առաջնային խնդիրը հասարակությանը միավորելն է, այլ ոչ թե համախոհներով հանդես գալը: «Մենք տեսել ենք բազմաթիվ հանրահավաքներ, որոնք ավարտվել են կա՛մ եկեղեցի գնալով, կա՛մ աղոթելով: Այդ ամենը, ի վերջո, զավեշտի է վերածվում… Այսօր ամեն կերպ փորձում են թուլացնել, նսեմացնել այդ հեղափոխական «այո»-ն, բայց չեմ կարծում՝ իրենց դա կհաջողվի»,- ասաց մեր զրուցակիցը:
     Հարցին, քանի որ այս պահին Շարժման առաջնորդը ձերբակալված է, արդյոք նրա բացակայությունը չի՞ ճնշում, չի՞ կոտրում մյուս անդամների ոգևորությունը, ասաց, որ ընդհակառակը, շարժման անդամներն այս օրերին ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերում:
     Տիգրան Խզմալյանը, անդրադառնալով Հրանուշ Խառատյանի հայտարարությանը, թե ոստիկանության կողմից հատուկ հրահանգ է եղել «Գ. Լուսավորիչ» հիվանդանոցի բուժանձնակազմին, վստահեցրեց, որ տիկին Խառատյանի հայտարարությունն անհիմն չէ. եթե ասել է, ուրեմն մի բան գիտի: Կինոռեժիսորի համոզմամբ՝ իշխանության կողմից բոլոր այս գործողությունները հրահանգվում են Մոսկվայից, հատուկ ծառայությունների կողմից, որը, միգուցե, նստած է կա՛մ ԱԱԾ-ում, կա՛մ ռուսական դեսպանատանը, որոնք ունեն «5000-ոց մինչև ատամները զինված ուժ և պատրաստ են ամեն ինչի»,-եզրափակեց ՀԽ-ի նախկին անդամը:
     ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը փորձեց վերոնշյալ հիվանդանոցից ճշտել, թե արդյոք տնօրինությունը ոստիկանությունից «կազմ-պատրաստ» լինելու հրահանգ ստացել է, թե՞ ոչ: Հիվանդանոցից փոխանցեցին, որ իրենք միշտ տեղում են և հազվադեպ են բացակայում: Կոնկրետ ոստիկանության հրահանգի մասին ասացին, որ տեղյակ չեն, և լավ կլինի՝ մեկ ուրիշ կառույցից ճշտել այդ տեղեկատվությունը:

4696 | 2
Facebook