Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Պարո՛ն նախագահ, արդյո՞ք պահը չի հասունացել, որ Դուք կատարեք հայերին տրված Ձեր խոստումը». ամերիկահայի բաց նամակը՝ Բարաք Օբամային

16:01, ուրբաթ, 17 ապրիլի, 2015 թ.
«Պարո՛ն նախագահ, արդյո՞ք պահը չի հասունացել, որ Դուք կատարեք հայերին տրված Ձեր խոստումը». ամերիկահայի բաց նամակը՝ Բարաք Օբամային

«Washington Post» պարբերականը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված՝ ամերիկահայ Մարի Օհաննեսյան Նարդինի բաց նամակն, ում նախնիները փրկվել են գաղթի ճանապարհին, և ով իր նամակում կոչ է անում Օբամային՝ երես չթեքել պատմական փաստերի ճանաչումից:

«Հարգելի՛ պարոն նախագահ,
     Անցած շաբաթ ես մի շարք այլ հայերի հետ համատեղ Վատիկանի սուրբ Պետրոս տաճար մեկնեցի՝ ունկնդրելու Հռոմի պապի ելույթը, ով 1915թ. իրադարձությունները որակեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այդ բառերը, որը համաշխարհային հանրությանն ավելի մոտեցրին ճշմարտության ճանաչմանը, անմիջապես բուռն քննարկումների առիթ տվեցին: Ես այցելել էի ունկնդրելու այդ ելույթը, քանի որ ես երկրորդ սերնդի ամերիկահայ եմ, ով մեծացել է Հայոց ցեղասպանության ճշմարտացիության մասին պատմություններ լսելով և ցանկանում եմ ականատես լինել դրա պատմական ճանաչմանը:

Իմ տատերն ու պապերը ծնվել են 1890-ական թթ.՝ Անկարայում և Վանում: 1900թթ. սկսած՝ նրանք արդեն կորցրել էին իրենց բնակավայրը և զրկվել քրիստոնեություն դավանելու և հայերենով խոսելու իրավունքից, քանի որ, հակառակ դեպքում, թուրքերը կարող էին կտրել նրանց լեզուները: Սակայն մի բան նրանք երբեք չկորցրեցին՝ թուրքերի դաժան արարքների մասին հիշողություններն ու այդ ամենն արժանապատվորեն հաղթահարելու կամքը:

1910-20թթ. հայական և մայրական կողմի տատերս և պապերս կարողացել են գաղթել ԱՄՆ՝ բնակություն հաստատելով Ֆիլադելֆիայում և Լոս Անջելեսում: Իսկ իմ մոր պապին թուրքերը սպանել են մտավորական լինելու պատճառով: Այնուամենայնիվ, իմ նախնիները կարողացել են ԱՄՆ-ում իրենց սեփական միջոցներով իրենց ապրուստը հայթայթել և երբեք ոչ ոքից օգնություն չեն խնդրել: Նրանք մեզ հայի ոգով են դաստիարակել, որ մենք մշտապես հարգենք և սիրենք հայ մշակույթը, սակայն նաև մշտապես երախտապարտ լինենք Միացյալ Նահանգներին՝ մեզ բնակության վայր տրամադրելու համար: Մենք միշտ էլ հասկացել ենք, թե ինչքան բախտավոր էիքն մենք, որ այդ տարիներին կարողացանք գալ ԱՄՆ և ինչքան տարաբախտ էին այն 1.5 միլիոն հայերը, որոնք դրա հնարավորությունը չունեցան և այդ տարիներին սպանվեցին օսմանյան թուրքերի ձեռքով:

Պարո՛ն նախագահ, չնայած ես այս պահին ապրում եմ Իտալիայում, սակայն 2008թ. և 2012թ. սատարել եմ Ձեզ՝ նախագահ դառնալու համար մղվող Ձեր քարոզարշավների ընթացքում: Ես սատարել եմ Ձեզ, քանի որ մտածել եմ, որ Դուք Միացյալ նահանգների համար նախագահի լավագույն թեկնածուն էիք: Շատ ամերիկահայ ընտանիքներ Ձեզ չէին վստահում, սակայն ես խոսել եմ նրանց հետ և կարողացել համոզել նրանց: Բայց ամենակարևոր բանը, որը ստիպեց այդ հայերին հավատալ Ձեզ, Ձեր խոստումն էր՝ կապված 1915թ. իրադարձությունները Ցեղասպանություն որակելու հետ:

1915թ. ապրիլի 24-ին օսմանյան թուրքերն սկսեցին հայերի զանգվածային կոտորածները: Այդ իրադարձություններից 100 տարի են անցել և «Հայոց ցեղասպանություն» բառերը արտասանվել են արդեն աշխարհի մի շարք ազդեցիկ առաջնորդների կողմից: Ացած շաբաթ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նույնպես 1915թ. իրադարձությունները որակեց ցեղասպանություն: Ես ցանկանում եմ հարց ուղղել Ձեզ, պարո՛ն նախագահ, արդյո՞ք Ձեր՝ հայերին տրված խոստումը կատարելու լավագույն պահը չի հասունացել:

Ես հասկանում եմ, որ Թուրքիայի այս սերունդը մեղավոր չի իրենց նախնիների կատարած հանցանքի համար, սակայն ես վստահ եմ, որ թուրք մի շարք մտավորականներ ավելի հեշտությամբ կխոսեին Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության վերաբերյալ, եթե նրանց նկատմամբ ճնշումներ չկիրառվեին: Ես նաև հասկանում եմ, որ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակից պետություն է, սակայն արդյո՛ք արժե միայն բարեդրացիական հարաբերություններ պահպանելու համար անտեսել ճշմարտությունը:

Ուստի իմ նախնիների և այն բոլոր հայերի անունից, որոնց նախնիները նույնպես տեսել են նման դաժանություններ, բոլոր այն մարդկանց անունից, որոնք այսօր ենթարկվում են նմանատիպ ճնշումների կամ որոնց ապագան կվտանգվի մեր այսօրվա լռության պատճառով, ես այդ բարբրոսությունների 100-ամյա տարելիցին ընդառաջ դիմում եմ Ձեզ, որ դուք 1915թ. իրադարձությունները անվանեք այնպես, ինչպես որ դրանք իրականում եղել են՝ ցեղասպանություն»,- գրել է Մարին իր նամակում»:
13473 | 0
Facebook