Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Գուցե արժե դատի տալ, և հիմա ճիշտ ժամանակն է». Արա Գևորգյանը մտադիր է ադրբեջանական զեղծարարության դեմ պայքարել մինչև վերջ

14:01, չորեքշաբթի, 15 ապրիլի, 2015 թ.
«Գուցե արժե դատի տալ, և հիմա ճիշտ ժամանակն է». Արա Գևորգյանը մտադիր է ադրբեջանական զեղծարարության դեմ պայքարել մինչև վերջ

Արդեն 7 տարի կոմպոզիտոր Արա Գևորգյանը միայնակ պայքարում է իր ստեղծած երաժշտությունը` հայտնի «Արցախ» ստեղծագործությունը, ադրբեջանական ֆիլմերում և պաշտոնական միջոցառումներում` առանց հեղինակի անունը նշելու օգտագործման դեմ:

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում Արա Գևորգյանը տեղեկացրեց, որ խնդրին վերջապես լուծում տալու ակնկալիքով` Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ պատրաստվում է նամակ ուղարկել Ադրբեջանի նախագահին, Մշակույթի նախարարին, Կոմպոզիտորների միության նախագահին, ինչպես նաև` «КВН»-ին:

«Ինձ միայն հետաքրքրում է նրանց տեղեկացնելը, որ իրենց պաշտոնական միջոցառումներում, պետության կողմից հովանավորվող ֆիլմերը, որոնք նկարահանվում են, այնտեղ օգտագործվում է իմ ստեղծած երաժշտությունը, որտեղ նվագում եմ ես, ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ջիվան Գասպարյանը` դուդուկի վրա, Նորայր Շառոյանը` դհոլի վրա: Մեր նվագած երաժշտության վրա նրանք Բաքուն են ներկայացնում, բանակն են ներկայացնում: КВН-ում օգտագործում են իմ երաժշտությունը, որտեղ մենք ենք նվագում. այսինքն` իրենք այդքան թյուրիմացության մեջ են: Իրենց թվում է` դա իրենց երաժշտությունն է, որը 30-ականներին գրել է մի մարդ, ում նկարի տակ` YouTube-ում դրված է իմ CD-ի երաժշտությունը: Ադրբեջանցիները մեկնաբանում են, թե` այս երաժշտությունը գրել է այդ մարդը: Ես ուզում եմ նրանց հարց տալ. եթե դա 1930-ին այդ մարդն է գրել, խնդրում եմ` ցույց տվեք աղբյուրը, որտեղից վերցրել են «ձեր» երաժշտությունը: Եթե դա ձեր երաժշտությունն է, ապա` օրիգինալը միացրեք մի անգամ լսենք»,- մեզ հետ զրույցում նշեց Արա Գևորգյանն, ով դժվարանում է պատկերացնել, թե` ինչ կարելի է ակնկալել նամակն ուղարկելուց հետո:

«Նամակով ուզում եմ ևʹ տեղեկացնել, ևʹ ապացուցել, որ դա իմ հորինած երաժշտությունն է: Ես ուղարկում եմ նամակ-փաթեթ, որի մեջ ներգրավված են լինելու 2002-ի և 2006-ի օլիմպիական խաղերը, որտեղ բարձրաձայն` ամբողջ երկրագնդով մեկ հայտարարվեց. հեղինակ` հայ կոմպոզիտոր Արա Գևորգյան: Ինչո՞ւ ոչ ոք ինձ դատի չտվեց, կամ չբողոքարկեց, որ դա իր երգն է…»,- նշեց երգահանն, ով դեռ 1998-ին` «Անի» ձայնասկավառակի հեղինակային իրավունքը պաշտպանել է, որտեղ ընդգրկված է նաև «Արցախ» ստեղծագործությունը: Փաստաթուղթը տեղադրված է Արա Գևորգյանի պաշտոնական կայքում:


     «Այս փաստաթղթի միջոցով ես հանգիստ կարող եմ դատական գործ հարուցել և շահել դատը: Պարզապես ես տեղեկացված չեմ` ո՞ւր պետք է գնամ, և ինչպե՞ս պետք է դա անեմ: Դրա համար ինձ պետք է իրավաբան, ով խորհուրդ կտա` դիմեմ այդ քայլին, թե` ոչ: Միգուցե չարժե անել զուտ քաղաքական քայլերից ելնելով, իսկ միգուցե արժե, և հիմա ճիշտ ժամանակն է: Ինքնագլուխ չեմ ուզում անել, խորհրդի կարիք ունեմ»,- անկեղծացավ Արա Գևորգյանը:

Իսկ, թե ինչպես 2007-ից հետո «Արցախ» ստեղծագործությունը թյուրիմացաբար «դարձավ» իրենցը` Արա Գևորգյանը մանրամասնում է տեսանյութում:

17087 | 3
Facebook