Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ի՞նչ անել, երբ երեխան խուսափում է մանկապարտեզ գնալուց. մանրամասնում է մանկաբույժը

16:07, կիրակի, 12 ապրիլի, 2015 թ.
Ի՞նչ անել, երբ երեխան խուսափում է մանկապարտեզ գնալուց. մանրամասնում է մանկաբույժը

Հաճախ ծնողները դժգոհում են, որ փոքրիկը չի ուզում գնալ մանկապարտեզ: Հոգեբանների կարծիքով` սա լուրջ խնդիր է, և ցանկալի է, որ ծնողը մինչև մանկապարտեզ տանելը երեխային հոգեբանորեն նախապատրաստի:

Ինչպես ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց մանկաբույժ Նոնա Եղոյանը, մանկապարտեզ հաճախելու ճիշտ տարիքը համարվում է 3-4 տարեկանը: «Մանկապարտեզ տանելուց առաջ` 2-3 տարեկանից, երեխային պետք է հոգեբանորոն նախապատրաստել: Շատ ծնողներ միանգամից տանում են, ինչը բարդույթ է առաջացնում, և հետո նոր սկսում են փորձել այն լուծել: Դա սխալ է»,- նշեց մանկաբույժը: Նա գտնում է, որ երեխային ծնված օրվանից պետք է սովորեցնել հասարակությանը: «Երեխան չպետք է միայն ծնողների հետ շփվի, փակ մեծանա և 3-4 տարեկանում հանկարծ` մի քանի հոգանոց հասարակությունից տեղափոխվի շատ մեծ մասսայական վայր: Կարևոր է, որ երեխան 1-2 տարեկանում շփվի հասակակից երեխաների` բարեկամի կամ ընկերուհու երեխաների հետ: Մեկ ժամ տևող խաղը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ»,- տեղեկացրեց մասնագետը:

Նրա խոսքով` սկզբնական շրջանում, երբ երեխան գնում է մանկապարտեզ, ցանկալի է, որ ծնողը մի որոշ ժամանակ երեխայի մոտ լինի: «Սովորաբար երեխաներն առավոտյան զբոսանքներ են ունենում, կարևոր է, որ ծնողն էլ գոնե մեկ ժամ ներկա լինի, որովհետև երեխային միանգամից կտրել մորից, հոգեբանորեն կարող է բարդույթ առաջացնել: Իսկ եթե առաջին մի քանի օրերը մայրը կարճ ժամանակով երեխայի մոտ լինի, դա բավական է, որ երեխան ավելի շուտ ընտելանա»:

Անդրադառնալով այն խնդրին, որ սովորաբար երեխաները սկզբնական շրջանում սկսում են հաճախ հիվանդանալ, մանկաբույժը փաստում է, որ իրականում պատճառը մանկապարտեզ հաճախելն է:

«Շատերը երեխային հանում են մանկապարտեզից` մտածելով, որ այդպիսով կարող են կանխել հիվանդանալը: Բայց, փոքրիկն անպայման պետք է շարունակի հաճախել մանկապարտեզ: Այդ հաճախակի հիվանդանալու հաշվին երեխան իմունիտետ է ձեռք բերում, հասարակության մեջ է լինում: Նրան մեկուսացնելով զերծ պահել վիրուսներից` սխալ է: Առողջանալուց մեկ- երկու շաբաթ հետո փոքրիկը կրկին պետք է հաճախի»,- ասաց Նոնա Եղոյանն, ում կարծիքով` դա որևէ հիմք չպետք է հանդիսանա, որ երեխային այլևս մանկապարտեզ չտանեն:

Մանկաբույժ Նոնա Եղոյան
Մանկաբույժ Նոնա Եղոյան
18155 | 1
Facebook