Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե երեխան չուզենա շարունակել «պարտադիր» ուսումը, պատասխանատվությա՞ն ես ենթարկելու». Բլեյանը՝ Կառավարությանը

17:38, ուրբաթ, 10 ապրիլի, 2015 թ.
«Եթե երեխան չուզենա շարունակել «պարտադիր» ուսումը, պատասխանատվությա՞ն ես ենթարկելու». Բլեյանը՝ Կառավարությանը

ԱԺ մեկնարկած վերջին նիստում «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի շուրջ բուռն քննարկումներից հետո որոշվեց 9-ամյա կրթության փոխարեն 12-ամյա կրթությունը դարձնել պարտադիր: Ըստ նախագծի՝ եթե աշակերտը չի ցանկանա 9-րդ դասարանից հետո շարունակել ուսումը, ապա այդ հնարավորությունը քննարկվելու է Կառավարության մակարդակով:
     Իսկ ի՞նչ է արդյոք, փոխվելու աշակերտի ուսումը երկարաձգելու հետևանքով: Արդյոք դա կնպաստի՞ կրթության որակի բարելավմանը, ի՞նչ կստանան, այս դեպքում թե՛ ծնողը, թե՛ աշակերտը։
     ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ պարտադիր կրթության տևողությունը երկարաձգելու անհրաժեշտությունն իսկապես կա: «Կարևոր է, որ ինչպես զարգացած այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում, մեր երեխան ունենա որակյալ, բարձր գիտելիքներ: 9-ամյա կրթությունն, այդ առումով, բնականաբար, չի բավարարում: Այսօր երեխան ստանա 9-ամյա կրթության վկայական, հետո ի՞նչ անի: Պետք է նաև հաշվի առնենք, որ 9-ամյա վկայականը մրցունակ չէ»,- բացատրեց Ն. Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ «պարտադրել», բառը, որը որպես պարտադիր պայման, նշված է օրենքում, աշակերտի որակյալ կրթության, ինտելեկտի համար ունի շատ կարևոր նշանակություն:
     Թեև ԿԳՆ պատասխանատուները պնդում են, որ վերոնշյալ օրենքում «պարտադիր» նախապայմանով փոփոխություններ կատարելը բխում է հենց աշակերտի շահերից, որի արդյունքում, նախևառաջ, բարձրանալու է նրա ինտելեկտը, այդուհանդերձ, բոլորովին այլ կարծիքի են այդ «պարտադրվող» աշակերտների ծնողներն ու գիտության ոլորտի որոշ ներկայացուցիչներ: Վերջինները, միանշանակ, բացասական վերաբերմունք ունեն ոչ միայն 12-ամյա կրթության, այլև օրենքում կատարված փոփոխությունների նկատմամբ:
     «Օրինակ՝ ի՞նչ չի կարող անել 9-ամյա կրթությունը, որ պետք է անի 12-ամյան: Ինչո՞ւ են զուր տեղը բարդացնում ամեն ինչ, երեխային և նրա ծնողներին կանգնեցնում փակուղու առաջ… Բացի այդ, այսօր կրթության ոլորտում բազմաթիվ չլուծված, կարևոր հարցեր ունենք՝ սկսած մատուցվող, անընդհատ կրկնվող ծրագրերից, նրանց պրիմիտիվ բովանդակությունից, դպրոցներում տիրող կոռուպցիոն երևույթներից և այլն»,-ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհում էին նրանք՝ չմոռանալով նաև «չարիք դարձած» 12-ամյա կրթության, «անհարկի» ավագ դպրոցների, այս կամ այն խնդիրների մասին:
     «Յոթ տարի առաջ նախարարի որոշմամբ դպրոցները դարձան 12-ամյա, ի՞նչ շահեցին երեխաները դրանից, կարելի է ասել՝ ավելի բթացան. թեմաները կա՛մ անհասկանալի են, կա՛մ պրիմիտիվ, կա՛մ չափազանց բարդ ձևակերպումներով և խճճված…»,- տարակուսում էին ծնողները, որոնց խոսքով՝ «խղճահարությամբ են լցվում» սեփական երեխաների հանդեպ, երբ վերջինները ձեռքներն են վերցնում դասագրքերը և անօգնական դիմում իրենց օգնությանը:
     Օրենքում ներառված «պարտադիր» բաղադրիչը շատ վիճահարույց է, և մեր զրուցակիցները նույնպես նշեցին, որ այն որոշ չափով կասկածելի տարրեր է պարունակում:
     Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր համար նույնպես շատ բաներ անհասկանալի են: «Ես, ճիշտն ասած, չեմ հասկանում՝ ինչու այդպես արեցին: Միջնակարգ կրթությունը սահմանված է օրենքով և սահմանադրությամբ. երեխայի իրավունքն է դպրոց գնալը և ուսում ստանալը: Այսօր թափուր են մեր կրթօջախները, քոլեջները: Դրա վրա պետք է կենտրոնանալ: Պետք է այնպես անել, որ սովորողն ինքն ուզենա շարունակել ուսումը, ոչ թե պարտադրել ինչ-որ բան, որը դեմ է նրա ցանկությանը: Ես կարծում եմ՝ լավ բան չի տալու այս փոփոխությունը. նախ՝ կեղծիքը կբազմապատկվի…Աշխատուժի պակաս, ծուլություն, համատարած աղքատություն, հասարակության տրամադրության անկում, երբ հատկապես պետությունը որևէ հարց լուծելու ջանքեր չի ներդնում: Ես կողմ եմ, որ մարդիկ «սև աշխատանքով» հոգան իրենց ապրուստը, այսօրվա պայմաններում դա է մնում… Եթե երեխան չի ուզում, ինչո՞ւ ես ստիպում. այս գործելաոճը Խորհրդային Միության մտածողություն է հիշեցնում»,- ասաց Բլեյանը՝ նշելով, որ թեև լուրջ չի վերաբերվում այդ որոշմանը, սակայն պետությունը պետք է ընտրությունը թողնի սովորողին, ոչ թե նրա փոխարեն որոշում կայացնի:
     Ըստ Աշոտ Բլեյանի՝ պետությունը պետք է հնարավորություն տա 9-րդ դասարանն ավարտածին՝ մասնագիտություն սովորելու և աշխատանք գտնելու: Նա այսպիսի հռետորական հարց է ուղղում Կառավարությանը. «Եթե երեխան չուզենա շարունակել, չուզենա անիմաստ այդ երեք տարին գնալ դպրոց, վարչական տույժի՞ ես ենթարկելու, պատասխանատվությա՞ն ես կանչելու ծնողին, պատժելո՞ւ ես: Նրա համար, որ կեղծիքի չի՞ ուզում գնալ 16 տարեկան երեխան»:
     Ավելին՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը գտնում է, որ Հայաստանի բոլոր մարզերում, ենթաշրջաններում՝ Եղեգնաձորում, Սիսիանում, Կապանում, Վայքում և այլուր, պետք է դպրոցներ բացել, որ 9-րդ դասարանավարտներն այդ դպրոցներում գյուղատնտեսություն և այդ կարգի այլ մասնագիտություններ սովորեն:
     Հարցին, թե ըստ նրա՝ մի՞թե այսօր կրթության ոլորտում ավելի կարևոր և առաջնային հարցեր չկան, որ սա են դրել ԱԺ-ում քննարկման, Ա. Բլեյանն ասաց. «Բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք հրատապ լուծում են պահանջում: Ես կարող եմ 20-25 կարևոր խնդիրներ նշել, որոնցից ոչ մեկը դրան չի վերաբերում»:
     Հիշեցնենք՝ օրերս Ազգային ժողովը ձայների՝ 85 կողմ, 0 դեմ և 27 ձեռնպահ հարաբերակցությամբ, ընդունեց «Կրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին նախագիծը, որով 2017-ից պարտադիր միջնակարգ կրթությունը կդառնա 12-ամյա:

7190 | 2
Facebook