Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչքան տգետ պիտի լինես, որ անհասկանալի, խճճված ձևակերպում տաս հարցին և այս ամենն անես միտումնավոր». մասնագետները` շտեմարանների մասին

14:15, հինգշաբթի, 02 ապրիլի, 2015 թ.
«Ինչքան տգետ պիտի լինես, որ անհասկանալի, խճճված ձևակերպում տաս հարցին և այս ամենն անես միտումնավոր». մասնագետները` շտեմարանների մասին

Մոտենում են ընդունելության քննությունները, իսկ դրանց հետ մեկտեղ էլ գլուխ են բարձրացնում շտեմարաններում առկա խնդիրների հետ կապված ավարտական դասարանների աշակերտների մտահոգությունները:
     16-ամյա Գեղամ Մնացականյանն ու Միքայել Հովհաննիսյանը, ովքեր պատրաստվում են Երևանի պետական համալսարանի ընդունելության քննություններին և բուհ ընդունվելու համար պարապում են հայոց լեզու և գրականություն առարկաները, ՄԱՄՈՒԼ.am-ի հետ զրույցում պատմեցին, որ հայոց լեզվի շտեմարաններում տեղ գտած առաջադրանքները չեն համապատասխանում դպրոցական առարկայական ծրագրին: Նրանց կարծիքով՝ այդ թեստերը շատ բարդ են, անգամ անհասկանալի:
     Գեղամի խոսքերով ՝ եթե հնարավոր էր մեկ հատորում ամփոփել բոլոր հարցերը, էլ ինչո՞ւ են կազմվել չորս հատորանոց հաստափոր թեստերը, որոնք ոչ միայն անիմաստ են, այլև խճճված: Նա նշեց, որ թեև ամեն տարի վաճառքից առաջ շտեմարաններում եղած վրիպակներն ուղղվում և փոփոխության են ենթարկվում, սակայն նրանցում առկա սխալները շփոթմունքի մեջ են գցում աշակերտներին:
     Վեջինների տեղեկացմամբ՝ հայոց լեզվի մեկ շտեմարանի արժեքը 3500 դրամ է, իսկ առհասարակ, շտեմարանների արժեքը՝ կախված առարկայից, տարբեր է. սկսվում է 2500 դրամից:
    
     Մասնագետները նույնպես բարձրաձայնում են շտեմարաններում առկա թերությունների մասին:
    
    
Երևանի թիվ 119 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Թամարա Մարտիրոսյանն ու Անահիտ Գյոդակյանը ՄԱՄՈՒԼ.am-ի հետ զրույցում նշեցին, որ շտեմարանների վաճառքը ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված հատկապես ծնողների համար, քանի որ կան երեխաներ, որոնք միանգամից երեք առարկա են պարապում: «Մենք շատ գոհ կլինեինք, եթե լիներ մեկ շտեմարան և այդ մեկի մեջ ամփոփվեր բոլոր հարցերն ու առաջադրանքները: Հիմա այնպես են արել, որ ստիպված չորս հատորն էլ գնենք, որովհետև դրանք մեկը մյուսի հետ շաղկապված են. նրանցից մեկի բացակայության դեպքում չես կարող մյուսն անցնել»,- դժգոհեց Թ. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդ չորսհատորանի գրքերն ու առաջադրանքների առատությունը երեխային հոգնեցնում են: Վերջինին զարմացնում է մեկ ուշագրավ հանգամանք ևս. չգիտես ինչու, այդքան շտկումներից հետո դարձյալ թերություններով են հրատարակվում շտեմարնները, իսկ հատկապես թե ինչ նպատակ է հետապնդում աշխատանքին այդօրինակ մոտեցումը, դժվարացավ մեկնաբանել՝ ենթադրությունը թողնելով հասարակությանը: Թ. Մարտիրոսյանը նույնպես փաստեց, որ շտեմարանների առաջադրանքները անչափ բարդ են, ու թեև դրանք մոտ են դպրոցական ծրագրերին, սակայն երեխաները հազիվ են «գլուխ հանում»: Մասնագետը գրեթե վստահ է՝ այդ թեստերը երեխային ապակողմնորոշելու համար են ստեղծված: «Նրանցում բացահայտ թշնամանք եմ տեսնում և ստվերային բիզնես»,- շեշտեց մեր զրուցակիցը:
    
     Անահիտ Գյոդակյանն էլ, իր հերթին հավելեց, որ այսպիսի վերաբերմունքով ոչ միայն դպրոց ենք քանդում՝ աշակերտին հեռացնելով կրթօջախից, այլև արտագաղթին ենք նպաստում: Նրա խոսքով՝ երեխաների մոտ շատ մեծ է հիասթափությունը. «Չորս խոտան է հրատարակվում 3500 դրամով, մասնագիտական տգիտություններով…Ինչքան տգետ պիտի լինես, որ անհասկանալի, խճճված ձևակերպում տաս հարցին և այս ամենն անես միտումնավոր»:
     Թե ինչու են մասնագետները կարծում, որ այդ ամենը «միտումնավոր» է արվում, պարզաբանեցին հետևյալ կերպ. «Որովհետև շտեմարանների տակ բիզնես ենք տեսնում, դրանց վաճառքից որոշ մարդիկ եկամուտ են դիզում»:
    
     Նշենք՝ Անահիտ Գյոդակյանն այն հեղինակներից մեկն է, ով լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի հետ միասին կազմեց և գործածության մեջ դրեց ընդունելության քննությունների առաջին թեստերը: «Այդ դժվարին անցումը կատարեցինք շատ մեղմ ու հանգիստ կերպով, որպեսզի երեխան «ցնցումների» մեջ չընկնի: Հետո էլ բոլորը չէ, որ պետք է կամակատար դառնան ինչ-որ մեկի ձեռքին, ուստի՝ հեռացանք այդ գործից»,- բազմանշանակորեն ասաց Ա. Գյոդակյանը՝ նշելով, որ առաջին էտապում հաճախ էին իրենք՝ մասնագետները, բանավեճի բռնվում ԳԹԿ-ի հետ, սակայն՝ անօգուտ: «Ես մի բան այդպես էլ չկարողացա հասկանալ՝ միջնակարգ դպրոցի աշակերտը, եթե հիմա այդքանն իմանա, բա բուհում ի՞նչ պետք է իմանա. Եթե ես այսօր աշակերտին պատրաստում եմ բանասերի մակարդակով, բա բուհում ի՞նչ է անելու նա, ինչո՞վ է զբաղվելու»,- տարակուսեց նա:
    
     Շտեմարանների որակի և նրանցում առկա վրիպակների մասին այլ կարծիքի է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ինքն ամեն տարի շտեմարնների հետ կապված խնդիրների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ էր ստանում ծնողներից և աշակերտներից, մինչդեռ արդեն մեկ տարի է՝ դադարել է բողոքների հոսքը: Թե ինչի հետ է կապված դա, ԿԱԻ փոխտնօրենը դժվարացավ պատասխանել՝ ենթադրելով. «Կա՛մ հասարկությունն է սովորել դրան, կա՛մ էլ բովանդակությունն է ահագին դրական փոփոխությունների ենթարկվել»:
    
     Ինչ վերաբերում է ամեն տարի շտեմարանների վերահրատարակվելուն, անհարկի վաճառքին, ծնողներին սոցիալական սուղ պայմաներում ավելորդ «ծախսի տակ գցելուն», Ա. Բախշյանը համաձայնեց, որ դա, իսկապես, լուրջ խնդիր է, սակայն պայքարել դրա դեմ, թերևս, հնարավոր չէ, քանզի այդ գործը ազդեցիկ մարդկանց համար շատ ձեռնտու, շահավետ բիզնես է:
    
     ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը շրջայց կատարեց նաև մայրաքաղաքի գրախանութներում, գրքերի վաճառքի կետերում, հետաքրքվեց, թե ինչ արժեն ընդունելության քննությունների համար նախատեսված շտեմարանները, ամեն տարի փոփոխվո՞ւմ են գները, թե՞ մնում են նույնը, արդյոք դպրոցավարտները չե՞ն դժվարանում դրանք գնելիս, սահմանվո՞ւմ են զեղչեր և եթե այո, ապա որ դեպքերում:
     «Երիտասարդական» մետրոյի հարակից տարածքում գտնվող բացօթյա գրքերի շուկայի գրավաճառ Էռնա Գաբրիելյանը նշեց, որ ամեն տարի ԿԳ նախարարությունը վաճառքի համար իրենց է տրամադրում նոր հրատարակված շտեմարաններ, նաև աշակերտներն են հանձնում հները կամ փոխանակում ուրիշ գրքերով: «Իհարկե, գնելը միշտ էլ դժվար է, հատկապես սոցիալական նման պայմաններում: Որպես սովորություն, գնորդը սակարկում է, մենք էլ մի փոքր էժանացնում ենք… Զեղչեր նույնիսկ մեզ համար չեն լինում, շատ հազվադեպ, երբ միանգամից մեծաքանակ գրականություն ենք գնում: Մենք օգուտ չունեք այս շտեմարաններից. ձեռնտու չէ դրանց առքուվաճառքը, որովհետև մեզ կոպեկներ են մնում, ամենաշատը՝ 200 դրամ»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ գրավաճառողուհին: Նրա ներկայացմամբ՝ շտեմարանները տարբեր արժեքի են. հայոց լեզվինը՝ 3000-3500 դրամով են վաճառում, մյուս առարկաներինը սկսվում են 2300 դրամից: Զրուցակիցը նաև ասաց, որ դեռևս տարեսկզբին նախարարության իրենց աղբյուրները տեղեկացրել են, որ այս տարվա բուհական ընդունելությունների քննական ցանկից պետք է հանվի «շտեմարան» հասկացությունը, և խորհուրդ տվել իրենց՝ ոչ ոքից չգնել դրանք վաճառքի համար, քանզի այդ գրքերն այլևս գործածական չեն:
    
     Մեր թղթակիցը սույն տեղեկության հավաստիությունը փորձեց ճշտել ԳԹԿ-ից: Կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը հերքեց այդ լուրը. «Սխալ տեղեկություն է, նման բան չկա: Գուցե լավ չեն հասկացել, գուցե խոսքը այն շտեմարանների մասին է, որոնք վաճառքի ենթակա չեն և տրվել են դպրոցներին»:
     Անդրադառնալով այս տարվա շտեմարաններին, նրանցում կատարված փոփոխություններին՝ Ա. Իսպիրյանն ասաց, որ հաշվի առնելով նախորդ շտեմարաններում առկա վրիպակներն ու սխալները՝ նորերում ուղղումներ են արվել, իսկ որոշ առարկաներում՝ փոքրիկ կառուցվածքային փոխոխություներ: Նա նշեց, որ արդեն հրատարակվել են թեստերը և կազմվել են այնպես, ինչպես նախորդ տարի: Նրա խոսքով՝ ոչ բոլոր առարկաներն են փոփոխության ենթարկվել. կան առարկաներ, որոնք փոխվել և անմիջապես ԳԹԿ-ի կայքում են դրվել: «Վաճառքի խնդիր չկա: Պարզապես, որոշ առարկաներ, եթե կրկին հրատարակվել են, ապա դա հրատարակիչի խնդիրն է: Երևի պահանջարկ է եղել, նրանք էլ հրատարակել են»,- եզրակացրեց Իսպիրյանը:
     Այն դիտարկմանը, թե առկա են դժգոհություններ՝ այդ շտեմարաններում տեղ գտած հարցաշարերի՝ դպրոցների առարկայական ծրագրերի հետ ունեցած անհամապատասխանությունների հետ կապված, վերջինս պատասխանեց. «Շտեմարաններում չկան այնպիսի առաջադրանքներ, որոնք դպրոցների առարկաներին չհամապատասխանեն, իսկ սխալներ, վրիպակներ եթե լինում են, մենք անմիջապես արձագանքում ենք՝ նշումներ ենք անում, տալիս համապատասխան մասնագետներին, իրենք էլ, որպեսզի խուսափեն թեստերում տեղադրելուց, հետագայում են ուղղումներ կատարում և վերահրատարակում: Կոնկրետ այս տարի այդ վրիպակների և ուղղումների հետ կապված խնդիրներ չենք ունեցել, գրեթե չեն եղել նման խնդիրներ»,- հավաստիացրեց ԳԹԿ ներկայացուցիչը:
     Թեև Արա Իսպիրյանը վստահեցնում է, թե այս տարվա շտեմարաններում վրիպակաների հետ կապված խնդիրներ գրեթե չեն ունեցել, սակայն այցելելով ԳԹԿ կայք, որտեղ ներկայացված են 2015թ. պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարաններում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները, բոլորվին այլ պատկերի ականատես եղանք, որը ներկայացնում ենք ստորև.
    
     Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի պետական ավարտական և միասնական քննությունների համար խմբագրվել և լրամշակվել են նախորդ` 2013-2014 թթ. հրատարակված 4 շտեմարանները, որոնցից 2-րդ և 3-րդ մասերում կատարվել են միայն մասնակի փոփոխություններ, մասնավորապես ուղղվել են նկատված վրիպակները և թերությունները, իսկ 1-ին և 4-րդ մասերում կան նաև էական փոփոխություններ` կրճատումներ և հավելումներ: Այս երկու հատորների ծավալների համապատասխանեցման նպատակով որոշ առաջադրանքներ 1-ին հատորից տեղափոխվել են 4-րդ հատոր:
    
«Անգլերեն» առարկայի պետական ավարտական և միասնական քննությունների համար խմբագրվել և լրամշակվել են 2014 թ. հրատարակված 3 շտեմարանները, 1-ին և 2-րդ մասերում տեղ են գտել առաջադրանքներ 3-րդ մասից, իսկ 3-րդ մասը լրացվել է նոր առաջադրանքներով: Նշված փոփոխությունները կատարվել են այն նպատակով, որպեսզի շտեմարանի յուրաքանչյուր հատորում ներառված լինեն կառուցվածքային բոլոր տիպերի առաջադրանքներ:
    
«Մաթեմատիկա» առարկայի շտեմարանի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը 2012-2014 թվականներին հրատարակված շտեմարանների լրամշակված տարբերակներն են: Կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են շտեմարանում տեղ գտած վրիպակներին: Միայն շտեմարանի 3-րդ մասի առաջին գլխի որոշ բաժիններում ավելացվել են մի քանի նոր առաջադրանքներ:
    
«Քիմիա» առարկայի շտեմարանի նոր մաս չի հրատարակվելու: Շտեմարանի 1-ին, 2-րդ և 3-րդ վերահրատարակված մասերը նախորդ տարի գործածության մեջ եղած շտեմարանների լրամշակված տարբերակներն են: Կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են շտեմարանում տեղ գտած վրիպակներին:
    
«Աշխարհագրություն» առարկայի շտեմարանի երեք գրքերը նախորդ տարի գործածության մեջ եղած գրքերի լրամշակված տարբերակներն են: Կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են նախորդ գրքերում տեղ գտած վրիպակներին: Միայն շտեմարանի 2-րդ գրքի 7-րդ բաժնում ավելացվել են մի քանի նոր առաջադրանքներ:
    
«Ֆիզիկա» առարկայից պետական ավարտական և միասնական քննությունների շտեմարանի երեք գրքերը 2013-2014 թթ. Հրատարակված գրքերի լրամշակված տարբերակներն են: Կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են նախորդ տարիներին հրատարակված շտեմարաններում տեղ գտած վրիպակներին:
    
«Կենսաբանություն» առարկայի շտեմարանի չորս մասերը նախորդ տարի գործածության մեջ եղած շտեմարանների լրամշակված տարբերակներն են: Կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են դրանցում տեղ գտած վրիպակներին:
    
    
Վերլուծելով այս ամենը՝ մեկ հարց մեզ մոտ, այնուամենյանիվ, առաջանում է: Հետաքրքիր է, այդ ի՞նչ մասնագետներ են աշխատում այդ շտեմարանների վրա, որ պարտաճանաչորեն և ամենայն անփութությամբ, միտումնավոր կամ միամտաբար, ամեն տարի թույլ են տալիս վրիպակներ և բացթողումներ, որից հետո էլ ստիպված են լինում կա՛մ լրացումներ անել, կա՛մ սխալներն ուղղել՝ նույն գիրքը կրկին վերահրատարակել և վաճառել…Այս ամենի արդյունքում՝ միանշանակորեն տուժում է աշակերտը՝ ո՛չ միայն կրելով նյութական վնաս, այլև ապրելով խորը հիասթափություն:

20703 | 0
Facebook