Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԻՊ գրոհայիններն ընդհուպ մոտեցել են Բաշար Ասադի նստավայրին

13:12, հինգշաբթի, 02 ապրիլի, 2015 թ.
ԻՊ գրոհայիններն ընդհուպ մոտեցել են Բաշար Ասադի նստավայրին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ներխուժել են պաղեստինցի փախստականների ճամբար՝ «Յարմուկ», որը տեղակայված է Դամասկոսի ծայրամասում: Ականատեսների վկայություններով՝ նրանք այժմ վերահսկում են ճամբարի զգալի մասը, հաղորդում է «Ֆրանս Փրեսս»-ը:

«ԻՊ ահաբեկիչներն սկսել են հարձակումն այս առավոտյան, և գրավել ճամբարի մեծ մասը»,- հայտնել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության Դամասկոսի ղեկավար Անվար Աբդել Հադին:

Մինչև պատերազմի սկիզբը պաղեստինցի փախստականների՝ Սիրիայում գտնվող ճամբարում ապրում էր ավելի քան 160 հազար մարդ: 2012 թվականի դեկտեմբերից ճամբարն անցել է իսլամիստ զինյալների իշխանության տակ՝ հայտնվելով շրջակա քաղաքներից մեկուսացման մեջ: Արդյունքում տասնյակ խաղաղ բնակիչներ մահացան սովից: Սիրիական ղեկավարությունից, ՄԱԿ-ի մերձարևելյան գործակալությունից ու Կարմիր մահիկից ստացված հումանիտար օգնությունը գրեթե չէր հասնում իր նպատակին, քանի որ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները գնդակոծում էին մարդասիրական բեռների շարասյուները:

Նշենք, որ «Յարմուկ» ճամբարը գտնվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նստավայրից ընդամենն 8 կմ հեռավորության վրա:

13331 | 0
Facebook