Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գագիկ Ծառուկյանի վերադարձը չի լինի». Արամ Կարապետյան

16:33, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
«Գագիկ Ծառուկյանի վերադարձը չի լինի». Արամ Կարապետյան

Վերջին օրերին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան ժամանած պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ու գործարարները ՀՀ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննադատել են ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված հաշվեհարդարը: Ավելին, նույնիսկ տեղեկություններ էին տարածվել, ըստ որի` ռուսական կողմը Սերժ Սարգսյանից պահանջել է, որ Ծառուկյանին հետ վերադարձնի ԲՀԿ ղեկավարի պաշտոնին կամ գոնե վերանայի մոտեցումները: Նշենք նաև, որ Գագիկ Ծառուկյանի մասին խոսելիս` որոշ ԲՀԿ-ականներ չէին բացառել նրա հնարավոր վերադարձը:
     Անկախ նրանից` ինչ են խոսել Մոսկվայից եկած բանագնացները ՀՀ իշխանության հետ, քաղաքական գործիչների մեծ մասը Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, հավանական չի համարում:
     «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում վերոնշյալի անհնարինությունը վկայող մի քանի գործոն նշեց. «Առաջին` հայաստանյան քաղաքականության մեջ չի ներվում, երբ գործի կեսից դուրս են գալիս: Երկրորդ` մեր երկրում որևէ բան չի փոխվել, օրինակ` իշխանափոխություն չի եղել, որ նա հետ գա, չեմ կարծում նաև, թե քաղաքական ունակություններն են հզորացել: Երրորդ` աշխարհը գնում է նրան, որ օլիգարխներին դուրս են մղում քաղաքականությունից` ապագան տեսնելով քաղաքականացված բախումների մեջ, ուստի Գագիկ Ծառուկյանի վերադարձը չի լինի»: Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ նմանօրինակ մարդիկ, ովքեր ինչ-որ բանի հասնում են տնտեսության մեջ և ոչ մի բանի` քաղաքականության, չեն վերադառնում քաղաքականություն:
     «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն ամիսներ առաջ, երբ խոսում էր եռյակի գործունեության մասին, մշտապես առանձնացնում էր Գագիկ Ծառուկյանին` որպես իրական լիդեր: Մեզ հետ զրույցում անդրադառնալով նրա հնարավոր վերադարձի մասին լուրերին, ասաց. «Չեմ հավատում, որ Ծառուկյանը կվերադառնա. ինքն ասել է` չեմ զբաղվելու քաղաքականությամբ: Մտածում եմ, որ չի գա»:

9090 | 4
Facebook