Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կորսված ժառանգության հետքերով»` ազգային երգ ու պարի դասավանդում մարզերում և սփյուռքում

16:43, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
«Կորսված ժառանգության հետքերով»` ազգային երգ ու պարի դասավանդում մարզերում և սփյուռքում

«Հայրիկ Մուրադյան» մշակութային հասարակական կազմակերպության ջանքերով առաջիկա 6 ամիսների ընթացքում Գավառ, Եղեգնաձոր, Արմավիր, Գյումրի քաղաքներում, շուրջ 700 հայ պատանիներ և երիտասարդներ մասնակցելու են իրենց նախնիների մշակույթի մասին իրազեկող միջոցառում-դասընթացների, սովորելու են ազգային երգն ու պարը։ Նախաձեռնությունը կրում է «Կորսված ժառանգության հետքերով» խորագիրը:
     «Այսօր հեռացել ենք մեր պապերի թողած ժառանգությունից՝ հայտնվելով օտար ազդեցությունների տակ։ Եվ անհրաժեշտ է, որպեսզի վերադառնանք ակունքներին, ինչը մեր ազգային դիմանկարն է կերտում»,- նշեց «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ի նախագահ Նարինե Դելլալյանը։


     Դասընթացները մարզերում անցկացնում է «Կարին» ավանդական երգ ու պարի համույթը։ Ծրագրի շրջանակներում 500-ական օրինակով կթողարկվեն նաև ձայնասկավառակ և տեսասկավառակ։ Ձայնասկավառակում տեղ կգտնի Հայրիկ Մուրադյանի կողմից կատարվող 8 երգ, իսկ տեսասկավառակում ներկայացված կլինի ազգագրական պարի 8 կատարում և ուսուցում՝ իրենց բացատրություններով։
     Նարինե Դելլալյանի փոխանցմամբ` յուրաքանչյուր մարզում կկազմակերպվի երկուական հանդիպում: «Մենք հասկանում ենք, որ երկանգամյա հանդիպումները բավարար չեն, բայց ամենակարևոր նպատակը դրանց միջոցով երեխաների ու երիտասարդների մեջ հետաքրքրություն ու կայծ առաջացնելն է, որից հետո նրանց մոտ կառաջանա ազգային տարրերը, ավանդույթները կրելու ցանկությունը։ Հոգևոր առաջընթացի համար շատ կարևոր է, որպեսզի մեր ժառանգության կրողն ու տարածողը լինենք»,- նշեց Նարինե Դելլալյանը:
     Ազգային երգ ու պարի դասընթացներ կանցկացվեն նաև Պորտուգալիայում՝ Լիսաբոնում։ Կազմակերպիչների խոսքով` հատկապես Սփյուռքում նման միջոցառումների կարիքը զգացվում է: Նախաձեռնողները հույս ունեն, որ ծրագիրը ոչ միայն հետաքրքրություն կառաջացնի հայ երիտասարդների մոտ, այլ նաև` հայրենիք վերադառնալու ցանկություն։

3162 | 0
Facebook