Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նա փորձում էր ստեղծել իր տեսիլքների թատրոնը». այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

13:01, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
«Նա փորձում էր ստեղծել իր տեսիլքների թատրոնը». այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

Այսօր` ապրիլի 1-ը, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է:

«Շնորհավորում եմ բոլորիս Խորեն Աբրահամյանի ծննդյան կապակցությամբ, բոլոր նրանց, ովքեր ճանաչել են նրան, և նրանց, ովքեր չեն ճանաչել ու իրականում չեն տեսել այդ մարդուն բեմահարթակում և միայն կինոյում են տեսնում հիմա: Այն ֆիլմերը, որտեղ նա ուներ հրաշալի դերակատարումներ, հավիտյանս հավիտենից կմնան մեր ժողովրդի, մեր կինոյի պատմության մեջ»,- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց ռեժիսոր Արմեն Էլբակյանը:

Արմեն Էլբակյանի բնորոշմամբ` Խորեն Աբրահամյանը մեր ժամանակների լավագույն արվեստագետներից մեկն էր և նրա մասին միայն ասել, որ տաղանդավոր էր կամ հանճարեղ` շատ քիչ է:

Արմեն Էլբակյանն ու Խորեն Աբրահամյանը
Արմեն Էլբակյանն ու Խորեն Աբրահամյանը

«Նա բազմերանգ մի անձնավորություն էր, իսկական քաղաքացի, իսկական տղամարդ, մարդ, որն ապրում էր իր ժամանակի հոգսերով, իր ժողովրդի հոգսերով, մի համարձակ արվեստագետ, ով իր ստեղծագործական ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի վայրկյան կանգ չառավ և արեց համարձակ բեմադրություններ, որոնք շատ մեծ հետք թողեցին մեր հանդիսատեսի կյանքում»,- անկեղծացավ Արմեն Էլբակյանը: Նրա խոսքով` Խորենի բեմադրություններն այնքան համարձակ էին, որ եթե այսօր այդ ներկայացումները լինեին թատրոնի խաղացանկում և ներկայացվեին հանդիսատեսին, ապա` այսօր էլ դրանք չէին կորցնի իրենց ժամանակակից երանգը, գեղարվեստական մոտեցումն ու համարձակությունը:

«Խորենը շատ լավ էր վերաբերվում երիտասարդ արտիստներին, վստահում էր նրանց, ում մեջ տեսնում էր թատրոնի էությունն, ու թատրոնի հանդեպ նրանց խենթությունն ու նվիրվածությունը: Նա փորձում էր ստեղծել իր տեսիլքների թատրոնը, որը փոխանցեց մեզ բոլորիս և այդ կերպ շարունակեց իր հայրենի գործը, շարունակեց և թողեց իր թատրոնի տեսիլքի ժառանգությունը»,- պատմեց ռեժիսորն, ով բախտ է ունեցել աշխատել նրա հետ տարբեր բեմադրություններում: «Դրանք անմոռանալի օրեր էին»,- ամփոփեց Արմեն Էլբակյանը:

«Ջին խաղը» վերջին ներկայացումից
«Ջին խաղը» վերջին ներկայացումից

3267 | 0
Facebook