Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական ընկերությունն արդեն սառեցրել է 100 մարդու՝ ապագայում վերակենդանացնելու աղոտ հույսով

20:13, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2015 թ.
Ռուսական ընկերությունն արդեն սառեցրել է 100 մարդու՝ ապագայում վերակենդանացնելու աղոտ հույսով

Ռուսական ընկերությունն արդեն մի քանի տարի է՝ զբաղվում է մարդկանց ու կենդանիների սառեցմամբ՝ հետագայում նրանց վերակենդանացնելու նպատակով: Ներկայում սառցախցիկներում սառցակալված է 34 մարդ և 14 կենդանի: Իր հերթին է սպասում ևս 100 մարդ:

Ընկերության պատվիրատուների թվում կան և´ ռուսներ, և´ արտասահմանցիներ: Ծառայությունների արժեքը 36 հազար դոլար է՝ ամբողջ մարմնի սառեցման համար, կամ էլ 12 հազար՝ գլխի և ուղեղի սառեցման, այսպես կոչված՝ նեյրոպահպանման համար: Որպես կանոն՝ սառեցումը տեղի է ունենում մարդու ֆիզիկական մահից անմիջապես հետո, քանի որ սրտի կանգից հետո ուղեղն ապրում է ևս մի քանի րոպե: Հարկ է նշել, որ սառչել ցանկացողների մոտ 30%-ը նախընտրում է սառչել դեռ կենդանության օրոք: Այս դեպքում նրանք կարող են իրենք պատվիրել իրենց սառեցումը՝ վճարելով նաև մաս-մաս:

«ԿրիոՌուս»-ի ղեկավարներն ասել են, որ իրենց մտահղացումն արդեն բավականին եկամտաբեր է դարձել, կարողացել են փակել բոլոր ծախսերը և մտադիր են ընդլայնել սառցախցիկների թիվն ու պատվիրատուների ցանկը:

Զավեշտալին այն է, որ սառեցման կազմակերպիչները ոչ մի երաշխիք չեն տալիս իրենց պատվիրատուներին: Նրանք ուղղակի պնդում են, որ ապագայում, գուցե նաև 50 տարուց, գիտությունն այնքան կզարգանա, որ հնարավորություն կտա մարդկանց անվտանգ սառեցնել և հալեցնել, ինչպես նաև՝ վերակենդանացնել արդեն սառեցվածներին ու փոխպատվաստել ուղեղները: Պարզ չէ նաև, թե այդ դեպքում ով է վճարելու վերակենդանացման ծառայությունների համար, հանրավոր է՝ սառեցվածի ժառանգները կամ էլ՝ պետությունը:

Գիտնականները «ԿրիոՌուս»-ի հիմնադիրներին խաբեբաներ են համարում, քանի որ ներկայում դեռ չկա սառեցման որևէ ստուգված ու ճիշտ տարբերակ: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ կերպ սառեցվածները երբևէ կվերակենդանանան, կամ վերակենդանացված ուղեղը կպահպանի ոչ միայն իր աշխատունակությունն, այլև բնավորությունն ու հիշողությունները:

Իսկ իրավաբանական առումով մարդկանց սառեցմամբ զբաղվող ընկերությունը խաբեբա չէ, քանի որ չի էլ երաշխավորում այդ ամենը, իսկ նրանց ծառայություններից օգտվելը մարդկանց կամքն է:

8897 | 1
Facebook