Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վերապրած ձեռագրերը կպատմեն Հայոց ցեղասպանության մասին

17:38, երեքշաբթի, 31 մարտի, 2015 թ.
Վերապրած ձեռագրերը կպատմեն Հայոց ցեղասպանության մասին

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կբացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Վերապրած ձեռագրեր» խորագրով ցուցահանդեսը: Կցուցադրվեն Մատենադարանի ձեռագրական հավաքածուներից ընտրված ցեղասպանությունից փրկված շուրջ 100 ձեռագիր գանձեր, հայկական ձեռագրական մշակույթի հրաշալիքներ, հայ մանրանկարչության և մատենական արվեստի գլուխգործոցներ:
     Նրանց փոխանցմամբ` ցուցադրված ձեռագրերից ամեն մեկը մի վկայություն է երբեմնի շեն ու բարգավաճ հայկական բնակավայրերի, ծաղկուն վանքերի ու ձեռագրական հարուստ կենտրոնների մասին:

«Այն, ինչ փրկվել է, մի փոքր մասն է միայն կորսված վիթխարի ժառանգության: Ցուցադրելով Եղեռնից փրկված ձեռագիր գանձերը՝ նպատակ ունենք ցույց տալ աշխարհին, որ ցեղասպանությունը միայն ազգի բնաջնջում և հայրենազրկում չէր, այլև ազգային-մշակութային ժառանգության ոչնչացում. ավելի քան 2500 քանդված, այրված ու կողոպտված հայկական վանքեր ու եկեղեցիներ. դրանց հետ մեկտեղ ոչնչացված բազմահազար հայերեն ձեռագրեր, այդ թվում՝ համաշխարհային մշակույթի եզակի հուշարձաններ: Փրկված այս բեկորների օրինակով ցույց է տրվում, որ մարդկային կորուստներից բացի, ցեղասպանությունը վիթխարի վնաս է հասցրել հայ մշակույթին, որի ամենածանր հարվածը հասել է հայկական ձեռագրական ժառանգությանը»,- նշեց Մատենադարանի միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանը:

Վարդի Քեշիշյանը Ցեղասպանության մասին փրկված ձեռագրերի լեզվով պատմող այս ցուցահանդեսը համարում է լավագույն ձևերից մեկը` հատկապես օտար այցելուներին իրազեկելու, որ 1915-1923-ին հայ ժողովրդի զանգվածային կոտորածների և տեղահանության գործողություններին համընթաց, թուրքական իշխանությունները ծրագրված կերպով ձգտել են ոչնչացնել հազարամյակների ընթացքում ստեղծված հայկական մշակութային արժեքները, որը ցեղասպանության մյուս կողմն է՝ մշակութային եղեռնը:
     Ցուցադրությունը չի սահմանափակվի միայն ձեռագրերով, այլ պատմող նյութեր ևս կներկայացվեն։ «Ցուցափեղկերում տեղադրված ձեռագրերի կողքին՝ էլեկտրոնային պաստառի վրա, կցուցադրվեն հայկական ձեռագրերի «ծննդավայրը» հանդիսացող Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայկական բնակավայրերի վանքերի, եկեղեցիների և մենաստանների անցյալում շեն ու կանգուն, այժմ՝ խոնարհված ու ավերված հուշարձանների հին ու նոր լուսանկարները»,- տեղեկացրեց Վերդի Քեշիշյանը:

6253 | 0
Facebook