Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ցուցահանդեսն իմ հոգու պարտքն է հայ ժողովրդին». նկարչուհի Ասյա Հակոբյանը ներկայացավ հայ հանդիսատեսին

17:01, կիրակի, 29 մարտի, 2015 թ.
«Ցուցահանդեսն իմ հոգու պարտքն է հայ ժողովրդին». նկարչուհի Ասյա Հակոբյանը ներկայացավ հայ հանդիսատեսին

Գեղանկարիչ, մանրանկարիչ, քանդակագործ, դիզայներ և վերականգնող, ՌԴ նկարիչների միության անդամ Ասյա Հակոբյանը, ով նաև «Բարի կամքդ» բարեգործական նախաձեռնության անդամ է, հայ հանդիսատեսին ներկայացավ իր անհատական` «Իմ հայ ժողովուրդ» խորագրով ցուցահանդեսով` նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին: Ցուցահանդեսն իրականացվել է ֆիտոկոլաժիստների միջազգային ասոցացիայի շնորհիվ:

«Այս ցուցահանդեսն ինձ համար իմ պարտքն է, հարգանքի տուրքն է իմ ժողովրդին` որպես հայ, անկախ նրանից որտեղ եմ ես ապրում: Ես չեմ կարող փոխել պատմությունը, 100 տարի առաջ տեղի ունեցածը, բայց կարող եմ այսօր ցույց տալ մեր հաղթանակը: Մեզ որպես ազգ չկարողացան ոչնչացնել: Մենք կանք, և մենք հայ ենք»,- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում նշեց Ասյա Հակոբյանը:

Նկարչուհին կարևորում է «Բարի կամքդ» նախաձեռնող խմբի հետ իր ծանոթությունն ու մեկ տարվա համագործակցությունը:

«Շնորհիվ բարեգործության` նոր իմաստ և գույն մտավ իմ կյանք: Եթե այսօր մի կարիքավոր երեխա կարող է կուշտ փորով քնել և արթնանալ լիաթոք ժպիտով, ես կարող եմ համարել, որ իմ կյանքը զուր չի անցել»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ նկարչուհին, ում խոսքով` նկարչի մասին խոսում են իր գործերը:

Ասյա Հակոբյանի խոսքով` բարեգործական նպատակով իրականացվող ցուցահանդեսի ողջ հասույթը կտրամադրվի կարիքավոր երեխաների ծնողներին:

«Կոչ եմ անում և խնդրում եմ բոլորին. եկեʹք օգնենք բոլոր այն երեխաներին, որոնց բախտն այս կյանքում այնքան էլ չի բերել»:

Նկարչուհի Ասյա Հակոբյանն ապրում և ստեղծագործում է Մոսկվայում: Բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել ևʹ Մոսկվայում ևʹ Եվրոպայում: «Բայց, ինձ համար մեծ հպարտություն ու ուրախություն են այն ցուցահանդեսները, որոնք բացվում են Երևանում»,- եզրափակեց նկարչուհին:

5180 | 0
Facebook