Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Յուրայինների ձեռնարկությունների ստուգումը բյուջեում փող չլինելու, գումարած` միջազգային կառույցների աչքին թոզ փչելու համար է». Արտակ Մանուկյան

16:05, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
«Յուրայինների ձեռնարկությունների ստուգումը բյուջեում փող չլինելու, գումարած` միջազգային կառույցների աչքին թոզ փչելու համար է». Արտակ Մանուկյան

Վերջին շրջանում հարկային մարմինները ստուգումներ են սկսել Հանրապետական պատգամավորներին պատկանող ձեռնարկություններում: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ ստուգումների արդյունքում տասնյակ միլիոններով տուգանվել են Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառը, Հակոբ Հակոբյանին պատկանող «Երևան գարեջուր» ընկերությունը: Այսօր էլ տեղեկություն տարածվեց, որ ստուգումներ են սկսվել նաև Գարեգին Նուշիկյանին պատկանող «Նուշիկյան ասոցիացիա»-ում:
     Բյուջեում փող չկա, դրա համա՞ր են հարկային ստուգումները համատարած դարձել, թե՞ այս քայլով իշխանությունն ուզում է թոզ փչել հասարակության աչքին, իսկ միգուցե մեր երկրում սկսել է գործել օրենքի առաջ բոլորը հավասար են սկզբո՞ւնքը` ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը փորձեց այս հարցերի պատասխանը ստանալ տնտեսագետներից ու քաղաքական գործիչներից:
     ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանն այն կարծիքին է, որ իշխանությունը համարում է, թե ընդդիմադիր դաշտում իր գործն արել է, այլևս վտանգ չկա ու հիմա անցել է յուրայիններին: «Այս իշխանությունները երկիրը դիտում են որպես բաց բաժնետիրական ընկերություն, որի հիմնական բաժնետերերն իրենք են: Մարդը, որի համար սրբությունը փողն է, յուրայինի գաղափար չունի, պատրաստ է յուրաքանչյուրից խլել»,- ասաց նա:
     Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը գտնում է, որ հարկայինի` այդ քայլին անցնելը բխում է «այսպես շարունակել այլևս հնարավոր չէ» տարբերակից, քանի որ բյուջեն դատարկվում է: «Հայաստանում հարկային պարտավորությունները կատարելու առումով տնտեսվարողների շրջանում թերությունները շատ են: Հասկանալով, որ խոցելիություն կա, այլընտրանք չունենալով` իշխանությունները գնում են այդ քայլին` ահազանգ հնչեցնելով, որ այսուհետ նախկինի պես չի կարելի շարունակել, քանի որ մենք ռեսուրսներով հարուստ երկիր չենք, ու եթե հարկային պարտավորությունները չկատարվեն, չենք կարողանա ֆինանսական ծախսեր անել»,- նշեց Բոստանջյանը:
     ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այս ամենը համարում է հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծման հետ կապված երևույթ, որի ղեկավար ՀՀԿ-ական փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը հեռատեսորեն որոշել է սկսել յուրայիններից: «Խելամիտ որոշում է, քանի որ յուրայիններից հետո կարող են առավել հիմնավորված կերպով՝ քաղաքական ենթատեքստից դուրս, նաև օտարներին ստուգել»,- ասաց նա:
     Իսկ ահա տնտեսագիտության թեկնածու Արտակ Մանուկյանը գտնում է, որ յուրայինների ձեռնարկությունների ստուգմանն անցնելու իշխանության քաղաքականությունը բյուջեում փող չլինելու, գումարած` իմիտացիոն քայլ է` միջազգային կառույցների աչքին թոզ փչելու համար:

4327 | 0
Facebook