Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Ծիծաղենք, որ լավ լինի» պիեսներից հեռու մնանք». Երվանդ Ղազանչյանը ևս մի դասական գործ բեմ բարձրացրեց

16:25, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
««Ծիծաղենք, որ լավ լինի» պիեսներից հեռու մնանք». Երվանդ Ղազանչյանը ևս մի դասական գործ բեմ բարձրացրեց

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը` Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» ստեղծագործությունը շատ արդիական շեշտադրումներով բեմ էր բարձրացրել` «Ձեր Աստվածը փողն է» անվանումով: Ներկայացման հիմքում սոցիալական ու հասարակական կոնֆլիկտն է, հայրեր և որդիներ մշտական բախումը:

Բեմադրության հեղինակ Երվանդ Ղազանչյանի խոսքով` այսօր դերասաններին այնպիսի դերեր են առաջարկվում, որոնք ձախ ոտքի վրա հաղթահարելի են, այնինչ` նման պիեսում խաղալը դերասանների համար մեծ քննություն է:

«Շատ լուրջ են աշխատել դերասանները, փառք ու պատիվ իրենց, որ կարողացել են հաղթահարել: Երբ խոսում եմ հանդիսատեսի հետ, տեսնում եմ, որ շատ են հավանել դերասանական խաղը»,- ասաց Երվանդ Ղազանչյանը:

Ներկայացման մեջ գլխավոր հերոսներին մարմնավորում են Արմեն Մարգարյանը, Մարիամ Ղազանչյանը, Սաթիկ Հախնազարյանը, Զավեն Աբրահամյանը, Արա Դեղտրիկյանը և ուրիշներ: Դիրիժորը Յուրի Դավթյանն է, բեմանկարիչը` Ավետիս Բարսեղյանը, երաժշտության հեղինակն Արամ Սաթյանն է:

«Մեր մեծ դերասաններն էլ թատրոնի պատմության մեջ մնացին իրենց կերտած ազգային կերպարների կերտմամբ: Խնդրում եմ, որ բոլոր թատրոններն անդրադառնան դասական գործերին, և սկսեն մի քիչ ավելի պակաս ուշադրություն դարձնել ժամանակի` «հիհի-հահա… ծիծաղենք, որ լավ լինի» պիեսներին, որովհետև դրանք հայ մարդու ոʹչ սրտին, ոʹչ մտքին ոչինչ չեն տալիս:

Սունդուկյանն այս գործը գրել է 1884-ին, բայց այնքան արդիական շեշտադրումներ կան, որ կարդալիս մտածում ես, թե հենց այս առավոտ է գրել»,- նշեց ռեժիսորը:

«Աստված իմ, այս ի՞նչ հասարակություն է, այս ի՞նչ մարդիկ են: Սեր, պատիվ, խղճմտանք… բոլորը դատարկ խոսքեր են: Այս հասարակության երջանկությունը միայն փողն է, ու եթե այդ փողն անգամ մարդու սրտի մեջ լինի պահված, սիրտը կպատռեն, որ միջից հանեն…»:

4004 | 0
Facebook