Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թատրոնի միջազգային օրը թատերական գործիչներից շատերը պարգևատրվել են ոսկե մեդալով

13:46, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Թատրոնի միջազգային օրը թատերական գործիչներից շատերը պարգևատրվել են ոսկե մեդալով

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է: Երևանի քաղաքապետարանն ու Մշակույթի նախարարությունը տոնի նախօրեին ոսկե մեդալով են պարգևատրել դերասաններից, ռեժիսորներից և թատերական գործիչներից շատերին:

«Մրցանակն իսկապես անակնկալ էր, ես տեղյակ չէի, տալու պահին միայն իմացա: Յուրաքանչյուր դերասան երկար տարիներ աշխատելով, բնականաբար, ցանկանում է գնահատվել: Սա փոքրիկ գնահատական է դերասանի համար»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ Երևանի դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Արմեն Բարսեղյանն, ով ևս արժանացել է Մշակույթի նախարարության և քաղաքապետարանի ոսկե մեդալին:

Արմեն Բարսեղյան
Արմեն Բարսեղյան

«Երեկ երեկոյան քաղաքապետը թատերական բոլոր գործիչներին հրավիրել էր հյուրասիրության, որի ընթացքում շատերին շնորհվեցին մրցանակներ»,- նշեց Արմեն Բարսեղյանը:

Նրա խոսքով` դերասանի աշխատանքն անդադար է, գիշեր- ցերեկ չի ավարտվում: «Այս պահին էլ փորձի եմ, նույնիսկ մեր տոնի օրը: Թատերական բոլոր գործիչներին մաղթում եմ անդադար աշխատանք, որովհետև թատրոնի մարդը եթե աշխատանք չունենա, շատ դժվար կլինի: Շնորհավորում եմ բոլորին, ցանկանում եմ ստեղծագործական հաջողություններ, անձնական երջանկություն: Արվեստագետի համար անձնական երջանկությունը շատ կարևոր է, որպեսզի կարողանա ավելի լավ ստեղծագործել, պայծառ մտքեր ծնվեն, կրթող ու դաստիարակող, լավ գործեր ստեղծեն մեր ժողովրդի համար»,- եզրափակեց դերասանը:

Թատրոնի միջազգային օրվա առթիվ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր շնորհավորական ուղերձն է հղել մշակույթի գործիչներին. «Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ոգևորության ավյունը մշտապես լինեն ձեզ հետ՝ մղելով բեմական նոր նվաճումների և բերելով նոր հաջողություններ: Մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք»:

Արմեն Բարսեղյանն ու Արմեն Խանդիկյանը
Արմեն Բարսեղյանն ու Արմեն Խանդիկյանը
Արմեն Բարսեղյանն ու Բաբկեն Չոբանյանը
Արմեն Բարսեղյանն ու Բաբկեն Չոբանյանը
Նաիրա Շահիրյանն ու Արմեն Բարսեղյանը
Նաիրա Շահիրյանն ու Արմեն Բարսեղյանը

6240 | 2
Facebook