Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ռուբեն Բաբայան. «Ժամանակն է` սայլը տեղից շարժենք, թատրոնում ավելի կարևոր հարցեր կան, քան փող մուրալը»

17:40, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Ռուբեն Բաբայան. «Ժամանակն է` սայլը տեղից շարժենք, թատրոնում ավելի կարևոր հարցեր կան, քան փող մուրալը»

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակներում Թատերական գործիչների միության` այս տարի նախաձեռնած մարզային թատրոնների ստուգատեսի ընթացքում, մարզային թատրոնները ներկայացան մայրաքաղաքում, ինչպես նաև եղան մեկնումներ մարզեր: Զուգահեռ քննարկվեցին նաև մարզային թատրոններին վերաբերող մի շարք խնդիրներ:

Անդրադառնալով մարզային թատրոններին` միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ հաճախակի է լինում մարզերում, և ներկա գտնվում պրեմիերաներին: «Ամեն մեկնելուց ի հայտ էին գալիս շատ լուրջ խնդիրներ, որոնք խոչընդոտում են այդ թատրոնների բնականոն զարգացմանն ու ստեղծագործական առաջընթացին: Այսօր թատրոններում ևʹ դոտացիան է շատ քիչ, ևʹ կենցաղային, սոցիալական և բազմաթիվ այլ խնդիրներ, թույլ չեն տալիս որպեսզի բնականոն հիմքի վրա լինի ստեղծագործական աշխատանքը»,- նշեց Հակոբ Ղազանչյանը:

ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյան
ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյան

Անդրադառնալով Աբովյանի թատրոնին, որը մարտի 18-ին ստացել է քաղաքապետարանի ենթակայության կարգավիճակ, Հակոբ Ղազանչյանն ասաց, որ նրանց վերջին ներկայացումը պարզապես զարմացրեց իր ճաշակով: «Մարդիկ իրենց ձեռքերով հրաշալի դեկորացիա ու տիկնիկներ են ստեղծում: Մարզային թատրոններն այսօր անկախ նրանից ստատուս ունեն, թե` ոչ, գոյություն ունեն նման նվիրյալների շնորհիվ»,- ասաց ռեժիսորը: Նրա կարծիքով` մարզերում տեղական ոչ բոլոր իշխանություններն են հետաքրքրված թատրոնով: «Իսկ թատրոնը մարզերում զարգացնելը դա ստեղծագործական խնդիր չէ, դա լրջագույն քաղաքական խնդիր է: Բացառությամբ Կապանի թատրոնից, մարզային մյուս թատրոններում տպավորություն է, որ առանձնապես այս խնդիրը դրված չէ. ի՞նչ ենք բեմադրելու, և ո՞վ է գալու դիտելու այդ ներկայացումը»:

Հակոբ Ղազանչյանի համոզմամբ` Կապանի թատրոնում կան հրաշալի երիտասարդ կադրեր, որոնք կարծես թարմ արյուն են ներարկում թատրոնին: «Նրանց պետք է ամեն գնով պահել թատրոնում, միջավայր ստեղծել նրանց ստեղծագործելու համար: Ես լուրջ, հուսադրող տենդենցներ տեսա»,- նշեց Հակոբ Ղազանչյանը:

Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն էլ գտնում է, որ հայաթափությունը նվազեցնելու համար առաջին հերթին պետք է կարևորագույն ուշադրություն դարձնել մարզերի մշակութային կյանքին: «Ավելի շատ պետպատվեր պետք է տալ մարզերին, քան երևանյան թատրոններին, որովհետև մարզային թատրոնները գտնվում են ծայրաստիճան սուղ, ֆինանսապես քայքայված վիճակում: Մտնում ես թատրոն, թատրոնի հոտ չի գալիս, խայտառակ վիճակ է»,- անկեղծացավ Վահե Շահվրեդյանը: Նա նշեց, որ արդեն 8-րդ արվեստանոցն է ղեկավարում, և շատ տաղանդավոր մարդիկ են հեռացել թատրոնից: «Տառապանքով, արցունքներն աչքերին հեռացել են, հատկապես` տղաները: Ի՞նչ անեն, չեն կարող ընտանիք պահել: Ողբերգական վիճակով հեռանում են իրենց ընտրած մասնագիտությունից»,- պատմեց գեղարվեստական ղեկավարն, ով ուզում է հավատալ, որ այս նախաձեռնությունը կունենա իր արդյունքը: «Կուզենամ, որ նման մի հանդիպում էլ կազմակերպվի մշակույթի նախարարի անմիջական մասնակցությամբ: Վերջերս շատ է դժվարացել նախարարությունում այս կամ այն ղեկավարին տեսնելը»,- խոստովանեց ռեժիսորը:

Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյան
Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյան

Հակոբ Ղազանչյանն էլ նշեց, որ կան մարզեր, որոնք ֆինանսական հարցերը լուծելու հնարավորություն ունեն, բայց չեն անում: «Օրինակ` Սյունիքի մարզը մի քանի կոմբինատ ունի, որը կազմում է Հայաստանի բյուջեի 25 տոկոսը: Քանի՞ անգամ են թատրոնին ձեռք մեկնել, համոզված եմ` ոչ մի անգամ»,- ասաց Հակոբ Ղազանչյանը, ում համոզմամբ` տեղի իշխանությունները գլխավոր պատասխանատուն են:

Ռուբեն Բաբայանն էլ ավելորդ համարեց ամեն առիթով «մատը դնել» մշակույթի նախարարության վրա: «Գուցե սկսենք թատերական գործի կազմակերպումն ավելի ճիշտ իրականացնել: Գեղարվեստական առումով մատը մատին չենք տալիս… մեռած, քարացած վիճակից դուրս գալ է պետք»,- նշեց Ռուբեն Բաբայանը: Նրա խոսքով` Հայաստանի բոլոր թատրոնները հնարավոր չէ ղեկավարել մի կետից: Ռեժիսորը կարևոր համարեց այն հանգամանքը, թե ով է ղեկավարում թատրոնը: «Ինչքան մայրաքաղաքում ավելի պլպլան է կյանքը, այնքան ավելի մռայլ է մեր մարզերում: Պետք է բալանսի բերել»,- նշեց ռեժիսորը:

Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան
Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան

Կարևորելով այս հանդիպումը` Ռուբեն Բաբայանը նաև իր մտահոգությունը հայտնեց. «Ինքներս խոսում ենք, ինքներս հրճվում, մենք մեզ ծափահարում ու գնում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում: Ժամանակն է, որ սայլը տեղից շարժենք, և թատրոնում ավելի կարևոր հարցեր լուծենք, քան փող մուրալը»,- ամփոփեց Ռուբեն Բաբայանը:

4300 | 0
Facebook