Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ-ն քննարկում է պարտադիր կրթության շեմը բարձրացնելու մասին օրինագիծը

16:50, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
ԱԺ-ն քննարկում է պարտադիր կրթության շեմը բարձրացնելու մասին օրինագիծը
     ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ԱԺ-ում ներկայացնում է «Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Իր ելույթում նախարարն ասաց. «ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է քաղաքացիների համար կրթական նվազագույն մակարդակ, որը գործող Սահմանադրությամբ հիմնական կրթության մակարդակն է` ամրագրված նաև գործող օրենսդրությամբ, բայց Սահմանադրությունը տալիս է հնարավորություն օրենքով սահմանել պարտադիր կրթության ավելի բարձր շեմ: Կառավարությունն առաջարկում է ՀՀ-ում ամրագրել նվազագույն կրթության նոր, ավելի բարձր շեմ, որը ձևակերպվել է որպես 12-ամյա տիրույթում տեղավորվող, ընդհանուր հանրակրթական հիմնական հենքի վրա, լրացուցիչ եռամյա կրթության հնարավորություն կա՛մ հանրակրթական ծրագրերով` միջնակարգ և ավագ դպրոցներում, կա՛մ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտական կրթության հնարավորությամբ: Բնականաբար գործող օրենքով այդ դրույթը գոյություն ունի առանձին խմբերի համար, որտեղ կսահմանվեն կրթության մակարդակի այլ, ավելի ցածր շեմեր: Առաջարկում ենք, որ սա տարածվի հանրակրթական այն աշակերտների վրա, որոնք մյուս տարի կընդունվեն 9-րդ դասարան, այսինքն` տարածել հաջորդ 9-րդ դասարանցիների վրա: Առաջարկում ենք նաև ամրագրել, որ աշակերտի պարտականությունը մինչև 19 տարին լրանալն է, բայց հաշվի առնելով, որ նրանց մի մասն իրենց կրթությունն ավագ կամ միջնակարգ դպրոցում ավարտում են 18-ը լրացած կամ մինչև 19-ը, ու նաև այն, որ առկա է աշխատանքային միգրանտների ընտանիքների հետ կապված հարց, ովքեր իրենց երեխաներին տեղափոխում են արտերկիր, հետո վերադառնում Հայաստան ու կրթական ծրագրերի տարբերության պարագայում կորցնում 1 տարի, հանդես եկանք այս փոփոխությամբ»,- բացատրեց նախարարը:
     Այնուհետ ելույթ ունեցավ ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն ու նշեց, որ գաղափարը լավն է, բայց այսօրվա դրությամբ իրականացնելը` անհնար: «Ավագ դպրոցի գաղափարն էլ լավն էր, բայց երբ պատրաստ չես այն իրականացնել, վնաս է բերում: Դրան վերաբերում են մեթոդը, մարդկային ռեսուրսը, ֆինանսները, դասագրքերը և այլն: Սրանք չունենալով` չի կարելի այսպիսի բարեփոխման գնալ, պետք է մեծ ուսումնասիրություն անել, նոր անցնել ռեֆորմին: Կան դասարաններ, որտեղ 4 աշակերտ է, 6 ուսուցիչ, էդ ո՞նց ես եղած պրոբլեմին ավելացնում ևս մեկն ու դարձնում 12-ամյա: Մի շտապեք, քանի որ չեք կարողանալու լուծել»,- հիմնավորեց պատգամավորը:
4771 | 2
Facebook