Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոճրագործություններ, որոնք սահմանափակված են մեկդարյա ժխտողականությամբ. Քեմբրիջի Լեսլիի համալսարանն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

13:23, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Ոճրագործություններ, որոնք սահմանափակված են մեկդարյա ժխտողականությամբ. Քեմբրիջի Լեսլիի համալսարանն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի Լեսլի համալսարանում վերջերս՝ մարտի 10-ին, տեղի է ունեցել «Անցյալի ապագան» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համալսարանի պաշտոնական կայքն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը՝ գրելով.

«Առաջին համաշխարհային պատերազմից մինչև 1920թթ-ականները 1.5 միլիոն հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ զոհ գնացին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների ոճրագործություններին՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը…

Այդ դաժան գործողությունների ժամանակ նրանք, ովքեր տեղում չէին սպանվում, տեղահանվում էին և ուղարկվում անապատային տարածքներ, որտեղ նրանք զրկված էին լինում ջրից, սննդից և օթևանից:

Եվ այսօր, չնայած թուրք մի շարք մտավորականներ արդեն ճանաչել են իրենց նախնիների կողմից իրականացված ցեղասպանությունը, Թուրքիայի կառավարությունը շարունակում է ժխտողական քաղաքականություն ցուցաբերել. մինչ օրս Թուրքիայում անօրինական է համարվում օգտագործել «ցեղասպանություն» բառը: Նույնիսկ ԱՄՆ-ում «The News York Times» պարբերականն առաջինն էր, ով 1915թ. տեղի ունեցած իրադարձությունները որակեց «ցեղասպանություն» եզրույթով: Հայտնի պարբերականն այդ բառն օգտագործեց միայն 2004թ., իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսը Հայոց ցեղասպանությունը ճանաչեց միայն տարիներ անց՝ 2010թ.:

Չնայած հայերի նակատմամբ իրականացված ոճրագործությունները մոտ մեկ դար շարունակ չեն ճանաչվել՝ Հայաստանի փոքր և խաղաղ տներում դրա մասին պատմությունները պատմվել և վերապատմվել են՝ այդպիսով փոխանցվելով սերնդեսերունդ: Այդ պատմությունները գրի են առնվել և դրանց հիման վրա ստեղծվել են նաև արվեստի գործեր, որոնք հետագայում ճանապարհ են հարթել Հայոց ցեղասպանության ճանաչման և հավերժ հիեշատակելու համար՝ իմաստ հաղորդելով այդ ամենին»:

Աղբյուրը նշում է, որ համալսարանի «Washborn» լսարանում կայացած միջոցառման ընթացքում ներկայացվել են 4 նկարիչների՝ Հոուփ Ռիկարդիի, Ջոն Ավագյանի, Մարշա Օդաբաշյանի և Ադրինե Տեր-Մարտիրոսյանի աշխատանքները: Ռիկարդին, Ավագյանը և Օդաբաշյանը կիսվել են իրենց անձնական պատմություններով և արվեստի միջոցով ցույց տվել վերքերի խորը ընկալումը, որը փոխանցվում է սերնդեսերունդ: Յուրաքանչյուր արտիստ իր աշխատանքների միջոցով ցուցադրել է, թե ինչպես է անցյալի նկատմամբ հետաքրքրասիրությունը հարթակ ստեղծում հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների մասին բարձրաձայնելու համար. ոճրագործություններ, որոնք սահամանափակված են մեկդարյա ժխտողականությամբ: Արվեստի այդ զորեղ աշխատանքները վկայում են նաև, որ այժմ ժամանակն է բացահայտորեն ընդունել Հայաստանի պատմությունը՝ ներառյալ նաև հայերի նկատմամաբ մեկ դար առաջ իրականացված ցեղասպանությունը:

Ներկայացված աշխատանքների միջոցով պատկերվում են նաև սերնդեսերունդ փոխանցվող անձնական և համընդհանուր հոգեկան վերքերի բարդությունը և կոչ անում հարցնելու՝ «Ինչպե՞ս կարող ենք կանխել և վերափոխել մարդկության դեմ հանցագործությունները»:

«Անցյալի ապագան» անց է կացվում արդեն երկրորդ տարին: Այն կազմակերպվում է Լեսլի համալսարանի դեկան Քեթրին Կովերոլայի, Միջդիսցիպլինար հետազոտությունների ծրագրի Խաղաղության և կոնֆլիկտաբանության ուսումնասիրությունների կենտրոնի և Բոստոնում հիմնադրված «Ձևափոխված բռնություն» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Մերի Հարվիի նախաձեռնությամբ: Միջոցառման համակարգողներն են համալսարանի պրոֆեսորներ Մեենաքշի Չհաբրան և Նենսի Բեարդոլը:

5701 | 0
Facebook