Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կլայդերման. «Կարծում եմ, ձեր երաժշտական ժառանգությունից նոր կտորներ կսովորեմ և կկատարեմ հաջորդ համերգներին»

15:40, հինգշաբթի, 12 մարտի, 2015 թ.
Կլայդերման. «Կարծում եմ, ձեր երաժշտական ժառանգությունից նոր կտորներ կսովորեմ և կկատարեմ հաջորդ համերգներին»
     Երեկ երեկոյան Հայաստան է ժամանել ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը։ Գինեսի ռեկորդների գրքում որպես «Աշխարհի ամենահաջողակ դաշնակահար» ներառված Կլայդերմանը մարտի 13-ին և 14-ին համերգներով հանդես կգա Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։
     Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը նշեց, որ Կլայդերմանի այցը ծրագրված էր անցած տարի՝ աշնանը, սակայն տեղափոխվեց այս տարի։ Համերգները չեն մտնում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի համերգների շարքի մեջ, սակայն անմոռուկը փակցված է մաեստրոյի կրծքին։ Դա նվագախմբի սկզբունքն է՝ իրենց հետ հանդես եկող բոլոր արվեստագետները իրենց կրծքին կկրեն անմոռուկը և կդատապարտեն 1915 թվականի ոճիրը։ Ռիշար Կլայդերմանը ողջույնի իր խոսքում նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում․ «Ողջունում եմ բոլորին։ 40 տարվա կարիերայիս ընթացքում առաջին անգամ եմ Հայաստանում և շատ ուրախ եմ այս հնարավորության համար։ Արտիստի համար միշտ էլ շատ հետաքրքիր է նոր երկիր բացահայտելը։ Կարծում եմ՝ այս այցս վերջինը չի լինի։ Հիմա գլխավոր նպատակս այս երկու համերգները լավ անցկացնելն է։ Շրջապատված եմ հիանալի երաժիշտներով։ Խանդավառված եմ, որ նվագելու եմ իրենց հետ»,- ասաց մաեստրոն։
     Խոսելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին՝ մաեստրոն նշեց․ «Կարծում եմ, որ երաժշտությունը մարդկանց օգնում է վերապրել կյանքի արհավիրքները։ Ցեղասպանությունը շատ ցավալի է ձեր ազգի համար։ Ինչպես կյանքի այլ իրավիճակներում, այնպես էլ այս դեպքում, երաժշտությունը կարող է օգնել մոռացության տալ այդ ցավալի դրվագները»։
     Հարցին, թե ո՞րն է իր հաջողության գրավականը, մաեստրոն ասաց․ «Շատ շատ երաժիշտներ կան, ովքեր հրաշալի են նվագում։ 40 տարի առաջ առաջին ալբոմս կարողացա ձայնագրել՝ «Բալադ Ադելինի համար»։ Ինձ թվում էր, որ կկարողանամ փոքրիկ կարիերա ունենալ Ֆրանսիայում, մի քանի սկավառակ ձայնագրել, այնինչ այդ ստեղծագործությունը Եվրոպայի և աշխարհի տարբեր անկյուններում մեծ հաջողություններ ունեցավ։ Կարծում եմ, որ հաջողությանս գրավականն այն է, որ կարողացա դաշնամուրային յուրօրինակ կոմբինացիա ստեղծել։ Դրանով էլ կարողացա հուզել մարդկանց սրտերը մի երաժշտությամբ, որը թեթև դասական է, նաև՝ պոպուլյար։ Ահա թե ինչպես սկսվեց պատմությունը և ինչպես է այն շարունակվում»: Հարցին՝ Կլայդերմանին անվանում են նաև «Ռոմանտիկայի արքայազն», արդյո՞ք, դա համահունչ է իր էությանը, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ այն երաժշտությունը, որը կատարում եմ, հենց իմ անձն է ներկայացնում։ Ե՛վ դաշնամուրը, և՛ այլ երաժշտությունը ինձ հուշում են, որ ես ռոմանտիզմի մեջ եմ։ Դա իմ տրամադրությունն է, իմ ապրելակերպն է»։ Խոսելով հայ արվեստագետների հետ համագործակցության մասին՝ մաեստրոն նշեց, որ հույս ունի նոր կտորներ սովորել հայկական երաժշտական ժառանգությունից։ «Իմ երաժշտացանկում ներառված է Արամ Խաչատրյանի «Սպարտակը»։ Հույս ունեմ, որ այս երեք օրվա ընթացքում քիչ թե շատ կբացահայտեմ ձեր երաժշտական ժառանգությունը»։ Կարծում եմ՝ ձեր երաժշտական ժառանգությունից նոր կտորներ կսովորեմ և կկարողանամ դրանք կատարել հաջորդ համերգներին»,- Կլայդերմանի խոսքերն է փոխանցում ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը։
3728 | 0
Facebook