Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանյան մի շարք դպրոցներում խոստովանեցին, որ դրամահավաքություն չի իրականացվում, իսկ թիվ 17 դպրոցում հիշեցին նախկին տնօրենի «հարկահավաքությունը»

16:01, կիրակի, 08 մարտի, 2015 թ.
Երևանյան մի շարք դպրոցներում խոստովանեցին, որ դրամահավաքություն չի իրականացվում, իսկ թիվ 17 դպրոցում հիշեցին նախկին տնօրենի «հարկահավաքությունը»
     Օրեր առաջ ՄԱՄՈՒԼ.am-ը հարցախույզ էր սկսել՝ կապված դպրոցներում մարտի 8-ին Կանանց միջազգային տոնի կապակցությամբ իրականացվող դրամահավաքությունների դեպքերի հետ:
     Արդյունքներն ի մի բերելով՝ կարելի է ասել, որ Երևանի և մարզերի դպրոցների մեծ մասում աշակերտները հավաքում են միջինը 1000-2000-ական դրամ՝ դասընկերուհիներին ու ուսուցչուհիներին ծաղիկներ կամ այլ փոքր նվերներ գնելու համար:
     Մեր հարցախույզի ընթացքում գտնվեցին նաև այնպիսի դպրոցներ, որոնց աշակերտներն ու ծնողները խոստովանեցին, որ ոչ մի գումար չեն հավաքում: Նման դպրոցների թվին են պատկանում Չարենցի անվան թիվ 67 դպրոցը, Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցը, Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցը, Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցը:
     Ի դեպ, թիվ 17 դպրոցում հարցումների արդյունքում պարզվեց, որ մի քանի տարի առաջ՝ նախկին տնօրեն Մանյակ Ազիզյանի տնօրինության օրոք, ինչպես Մարտի 8-ին, այնպես էլ՝ ուսուցիչների տոնին, ամանորին, տնօրենի ծննդյան օրը, որդու հարսանիքին և այլ կարևոր ու անկարևոր առիթներին դպրոցում իրականացվում էր պարտադիր «հարկահավաքություն»: Մանյակ Ազիզյանի պարտադրանքով՝ այդ օրերին աշակերտներից հավաքվում էր 2-3 հազարական դրամ, իսկ ուսուցչական կոլեկտիվի ամեն մի անդամից՝ 5-10 հազարական դրամ: Գումարները ծրարով և տվողներ-չտվողների ցուցակով փոխանցվում էին Մանյակ Ազիզյանին: Դպրոցում, սակայն, ուրախությամբ նշեցին, որ այդ տնօրենը հեռացվել է աշխատանքից, իսկ նրան հաջորդող 2 տնօրենների ժամանակ դպրոցում դրամահավաք չի իրականացվում:
7770 | 0
Facebook