Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ի՞նչ ծաղիկ, ի՞նչ նվեր, գումարը ծրարով կբերեք». մարտի 8-ի կապակցությամբ Երևանի թիվ 94 դպրոցի տնօրենը աշակերտներից 5000-ական դրամ է հավաքել

17:15, երեքշաբթի, 10 մարտի, 2015 թ.
«Ի՞նչ ծաղիկ, ի՞նչ նվեր, գումարը ծրարով կբերեք». մարտի 8-ի կապակցությամբ Երևանի թիվ 94 դպրոցի տնօրենը աշակերտներից 5000-ական դրամ է հավաքել
     Ծնողների բողոքները՝ կապված Մարտի 8-ի առթիվ դպրոցներում իրականացվող դրամահավաքության դեպքերի, շարունակվում են: Այս անգամ ՄԱՄՈՒԼ.am-ի խմբագրություն են դիմել Երևանի՝ Գ. Մարգարյանի անվան թիվ 94 դպրոցից: «Տնօրենը՝ Սուսաննա Վարդանյանը, վերջերս է ժողով հրավիրել, ու բոլորի ներկայությամբ հայտարարել, թե իր դպրոցում դրամահավաքություն չպետք է իրականացվի:
     Սակայն, պարզվում է՝ դա միայն ցուցադրական մասն էր: Ժողովից հետո դասղեկները դասարաններում հայտարարեցին, որ պետք է մարտի 8-ի համար գումար հավաքվի: Եվ քիչ էլ չէ՝ ավարտական դասարաններում ամեն աշակերտից 5000 դրամ»,- մեզ հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:
     Մեկ այլ ծնող էլ ավելացրեց, որ 5000-ական դրամ հավաքել են միայն ավարտական դասարաններից, իսկ «ավելի ցածր դասարանների աշակերտների վրա ավելի ցածր տուրք էր դրված՝ 2000-ական դրամ»:
     Երբ հարցրեցինք, թե ինչ են արել հավաքված գումարով, ծաղիկ են գնել, թե այլ նվեր, ծնողները պատասխանեցին. «Մենք էլ նույն հարցով դիմել ենք դասղեկներին, նրանք էլ՝ տնօրենին, բայց տնօրենը արհամարհանքով պատասխանել է՝ ինչ ծաղիկ, ինչ նվեր, փողը ծրարներով կբերեք իմ կաբինետ: Այդպես էլ արեցինք, չանել չէինք կարող, քանի որ տնօրենը ստիպում է, որ ծրարով գումարի հետ իրեն տան նաև տվող-չտվողների ցուցակը: Ավարտական դասարաններ են, ո՞վ կուզի, որ իր երեխայի հետ թարսվեն»:
     Ընդ որում, այդ գումարից մասնաբաժին է հանվել նաև փոխտնօրեններին, դասղեկին և պարապող ուսուցիչներին:
     Իսկ Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի տարրական դասարանի աշակերտներից մեկի ծնողը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք 500-ական դրամ էին հավաքել, որ մի փոքրիկ նվեր գնեն դասղեկին, սակայն ուսուցչուհին իմացել է և պարտադրել, որ գումարը ետ վերադարձնեն ծնողներին ու հանկարծ չփորձեն իր համար նվեր գնել:
     Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի ծնողներից մի քանիսն էլ ասացին, որ իրենց կամքով հավաքել են 1000-ական դրամ և փոքրիկ նվերներ գնել ուսուցչուհիների համար:
    
     Հավելենք նաև, որ ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցին մի քանի խանութներից հայտնեցին, թե այս օրերին դրամի համար նախատեսված բացիկ-ծրարները սպառվում են աննախադեպ քանակությամբ, և դրանք հիմնականում գնվում են դպրոցների ու մանկապարտեզների համար:
23118 | 27
Facebook