Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Աղմուկ չեմ սիրում, սիրում եմ գործ անել». Գևորգ Գիլանցի նոր ժողովածուն կյանքի կոչվեց

15:43, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
«Աղմուկ չեմ սիրում, սիրում եմ գործ անել». Գևորգ Գիլանցի նոր ժողովածուն կյանքի կոչվեց

Այսօր` մարտի 6-ին, ժամը 18-00-ին «Հայ գիրք» գրախանութում տեղի կունենա բանաստեղծ և թարգմանիչ Գևորգ Գիլանցի «ARS-մետա» ժողովածուի շնորհանդեսը:

Բանաստեղծի վերջին գիրքը լույս է տեսել Մոսկվայում, 2006-ին։ Այս մասին ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց հեղինակն, ում խոսքով` չասված խոսքի խնդիր երբեք չի ունեցել, չհրապարակված գործեր՝ նույնպես: «Աղմուկ չեմ սիրում, սիրում եմ գործ անել։ Բայց խոսքը որ գալիս է՝ պիտի ասես, ու ես ասում եմ՝ առանց խոսքս փոքր-ինչ մեղմելու»,- անկեղծացավ բանաստեղծը։

«Ես, չասեմ քչագիր, բայց գրում եմ լոկ այն ժամանակ, երբ չեմ կարող չգրել... Դրա համար էլ ժողովածուն դժվար էր հավաքվում։ Իսկ ժողովածու տպել՝ սոսկ գրական ներկայություն ապահովելու համար, չէի ուզում, քանզի իմ հաջորդ ժողովածուի մասին ես այլ տեսլական ունեի»։ Հեղինակի փոխանցմամբ` ժողովածուն կենդանի ամբողջական մարմին է՝ ստեղծված և՛ տասը-տասնհինգ տարի առաջ գրված գործերից, և՛ հենց ժողովածուի կազմման ժամանակ գրված գործերից։ «Դա ամբողջական կենդանի մարմին է, որը ժանր չունի, չեք կարող ասել պոեզիա՞ է, արձա՞կ, խոհագրությո՞ւն... »,- պարզաբանեց բանաստեղծն, ում բնորոշմամբ` ամեն մի առանձին վերցրած ստեղծագործություն առանձին ու ամբողջական գործ է։ Իսկ, թե որքանո՞վ է ստացվել՝ հեղինակը թողնում է ընթերցողի դատին։

Գևորգ Գիլանցի կարծիքով` այսօր ցանկացած անհատ, անկախ նրանից ստեղծագործող է, թե ոչ, կանգնած է միևնույն դժվարության առաջ՝ Մարդ լինել, Մարդ մնալ։ «Մարդ լինելու, մարդ մնալու ձևակերպումներն ամեն մշակույթ յուրովի է ձևակերպել։ Մենք այսօր մեր մշակույթի ձևակերպումները վերաիմաստավորելու խնդիրն ունենք, ազատ մարդ մնալու, սիրող մարդ մնալու խնդիր ունենք։ Ես ո՛չ մեռնելուց եմ վախենում, ո՛չ ապրելուց։ Սա ապրելու իմ բանաձևն է, որ օգնում է ազատ մարդ մնալ, սիրել։ Իսկ երբ սիրում ես՝ չես կարող չպաշտպանել սիրուդ օբյեկտը՝ ընտանիքդ, ինքնությունդ, ընկերներիդ, երկիրդ... Սիրող մարդը չի՛ կարող կրավորական կեցվածք ունենալ»,-մանրամասնեց հեղինակը: Նրա փոխանցմամբ` հենց այս մասին է ժողովածուն, ուր առկա է տարբեր տարիներին գրված, բայց ըստ էության նույն մտահոգությունը թե՛ մանկության հուշերում, թե մյուս գործերում՝ չափածո և արձակ:

4532 | 0
Facebook