Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեմցովի սպանությունը կապված է Ուկրաինայի վերջին իրադարձությունների հետ. ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ

13:13, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
Նեմցովի սպանությունը կապված է Ուկրաինայի վերջին իրադարձությունների հետ. ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունն անմիջական կապ ունի Ուկրաինայի արևելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, Վերշբոուի խոսքերով՝ Նեմցովը պայքարում էր Ռուսաստանի՝ ուկրաինացի անջատականներին սատարելու դեմ, ինչի պատճառով էլ զոհ գնաց իր երկրի իշխանությունների քաղաքականությանը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը Ուկրաինային թուլացնելն է, ուստի Ռուսաստանում այլընտրանքային ցանկացած գաղափարների տեր մարդ միանգամից ճնշումների է ենթարկվում: Նեմցովի սպանությունը մեզ ցույց տվեց, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին զոհ են դառնում ոչ միայն ուկրաինացիները:

Մենք բոլորս էլ գիտենք, որ Բորիս Նեմցովը Ռուսաստանում ժողովրդավարության ակտիվ ջատագով էր և հրապարակայնորեն հանդես էր գալիս Ռուսաստանի՝ Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու դեմ»,- հայտարարել է Վերշբոուն:

Նշենք, որ ավելի վաղ Նեմցովի օգնական Օլգա Շիրինան հայտնել էր, որ ընդդիմադիր գործիչն սպանությունից մեկ օր առաջ իրեն է փոխանցել գրառում, որը վկայում է վերջինի՝ Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու մասին:
7194 | 1
Facebook