Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խաչատուր Սուքիասյան. «Խորհրդային տարիների գործարաններն ու արտադրությունը կարելի է վերակենդանացնել»

12:41, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
Խաչատուր Սուքիասյան. «Խորհրդային տարիների գործարաններն ու արտադրությունը կարելի է վերակենդանացնել»

«Հարցազրույց» հաղորդաշարի երեկվա հյուրը խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանն էր, ով խոսել է համաշխարհային ֆինանսական շուկայում տիրող իրավիճակի, ՀՀ-ԵՏՄ հարաբերությունների, ՀՀ-ի` արտադրական ծավալների ընդլայնմանն ուղղված շեշտադրումների մասին` կիսվելով տնտեսության զարգացման իր առաջարկներով:
     Մինչ այդ, գործարարը նշել է, որ զբաղված է Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» կառավարիչներին խորհուրդներ տալով, վերլուծություններ կատարելով, իսկ Հայաստանից բացակայելու պատճառը Գերմանիայում գտնվելն էր:
     Դիտարկմանը, թե հայ գործարարներն այսօր ակտիվ չեն, ներդրումային հատվածը լավ թվեր չի ցույց տալիս, Սուքիասյանը չի համաձայնել. «2009-ից հետո, երբ Հայաստանի վարկային պորտֆելն ուսումնասիրում ենք, 712 մլրդ է եղել, 2014-ին` 2 տրիլիոն 120 մլրդ: Պատկերացնո՞ւմ եք` ինչ աճ է եղել` 2009-ից հետո: Էդ գումարները բիզնես նպատակներով են գնացել` գործունեություն ծավալելու նպատակով: Հայաստանը լուրջ ռեսուրսներ ունի: Օրինակ գյուղատնտեսությունը, եթե ճիշտ կազմակերպենք, կարճ ժամանակահատվածում կարող ենք աճ ունենալ»,- նշել է նա:
     Հարցին` ԵՏՄ շուկայում դեռ պասիվ ենք, ինչո՞վ է սա բացատրվում, գործարարն ասել է. «Մենք հայացքն արդեն ուղղել ենք դեպի ԵՏՄ, այժմ ուսումնասիրություն է կատարվում, դեռ ժամանակ է պետք: Կարծում եմ` հետաքրքիր ցուցանիշներ կունենանք: Ցանկ պետք է լինի արտահանման համար, թե ի՞նչը կհետաքրքրի ԵՏՄ շուկայում, պետք է ներդրումներ կատարենք ու մրցունակ ապրանքներ ունենանք և իրացնենք այդ շուկայում»:
     Հարցին` ՀՀ-ում խոշոր գործարար եք, որի օրինակը շատերին հետաքրքրում է, ի՞նչ քայլերից եք սկսել, ու եթե այսօր այդ հնարավորությունն ընձեռվեր, ինչի՞ց կսկսեիք, Խաչատուր Սուքիասյանն ասել է. «Ես ավելի խորն եմ պատկերացնում ամեն ինչ, միգուցե ամբողջ հնարավորություններս ուղղեի գյուղատնտեսությանը, որովհետև հայկական գյուղմթերքի որակը շատ բարձր է, միգուցե այդտեղից սկսեի: Բացի այդ, այսօր շատ կարևոր է վերակենդանացնել Խորհրդային միության տարիների մեր արտադրությունը: Նախկին գործարաններում բարձր որակի կոշիկ էին արտադրում, ունենք լավ մասնագետներ, պետք է խթանենք այդ ոլորտը, պետական ֆինանսական միջոցներն այդտեղ ուղղենք: Շատերի հետ խոսել եմ, լավ մասնագետներ ունենք, բայց չեն կարողանում արտադրության ծավալները մեծացնել»:
     Դիտարկմանը, թե գործարարներն այդքան էլ հաճույքով չեն գնում բանկ, որովհետև բարձր տոկոսադրույքի տակ մտնելը ռիսկային է, Սուքիասյանն ասել է. «Եթե վարկն ինքնարժեքի մեջ լինի, խնդիրներ չեն լինի: Մարդիկ կան, որ ինքնարժեքը որոշելուց հետո մտածում են, որ եթե անձը վարկ է վերցրել բանկից, կարելի է 30 տոկոս էլ օգուտ անել, այս սա չպետք է լինի… կարելի է չնչին տոկոսներ ավելացնել միայն»:

5619 | 9
Facebook