Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երթուղայինի վարորդները ծխել են, ծխում են ու ծխելու են. քաղաքապետարանն այս հարցում անզոր է

17:30, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Երթուղայինի վարորդները ծխել են, ծխում են ու ծխելու են. քաղաքապետարանն այս հարցում անզոր է
     «Թույլ մի´ տվեք վարորդներին ծխել և վտանգել ձեր առողջությունը». այս հորդորը փակցված է գրեթե բոլոր երթուղայիններում, սակայն ծխող վարորդների թիվը դրանից չի նվազում:
     Պարբերաբար նամակներ ստանալով ծխող վարորդներից բողոքող քաղաքացիներից՝ ՄԱՄՈՒԼ.am լրատվականը փորձեց ևս մեկ անգամ բարձրաձայնել այս խնդրի մասին: Մեր թղթակիցը կապ հաստատեց «Երևանտրանս» ՓԲԸ փոխտնօրեն Մարտին Քալաշյանի հետ, ով ասաց, որ պարբերաբար ուսումնասիրություններ են իրականացնում: «Խմբեր ունենք, ովքեր պայքարում են այդ ամենի դեմ: Արձանագրում ենք, տուգանում ենք: Մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են»:
     Մ. Քալաշյանի խոսքով՝ շաբաթվա մեջ երեք օր, երեկոյան ժամերին, 21:00-ից հետո ուսումնասիրում են, փորձում նվազեցնել այդ դեպքերը:
     Կապ հաստատեցինք նաև մի քանի երթուղիների աշխատակիցների հետ: 27 համարի երթուղայինի հաշվապահ Սմբատ Սահակյանը հավաստիացրեց, որ իրենք հետևում են, տուգանում, խիստ նկատողություններ հայտարարում: «Մի հոգու ազատել ենք աշխատանքից մի քանի անգամ նախազգուշացնելուց հետո»,- ասաց նա:
     Նույնը պնդեցին նաև տարբեր համարների ավտոբուսների երթակարգավորողներ:
     Այնինչ ուղևորները բողոքում են, որ վարորդները ծխում են գրեթե անխտիր՝ հաշվի չառնելով, որ երթուղայինում տարեցներ, երեխաներ ու հղիներ կան, որ գերծանրաբեռնված երթուղայինում հազիվհազ թթվածին հայթայթող մարդու համար անտանելի է ծխախոտի ծուխը:
     «Ճիշտ է, վարորդների մեծ մասը դեն է նետում ծխախոտը նկատողությունից հետո, սակայն 10 րոպե չանցած հաջորդն է միացնում: Սա մի խնդիր է, որ անզոր է լուծել Երևանի քաղաքապետարանը»,- մեր թղթակցի հարցին պատասխանեց երթուղայինից իջնող քաղաքացիներից մեկը:
3579 | 2
Facebook