Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչ է սպառնում Ռուսաստանին «SWIFT» համակարգից օտարվելուց հետո

18:45, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Ինչ է սպառնում Ռուսաստանին «SWIFT» համակարգից օտարվելուց հետո

Վերջին 6 ամիսների ընթացքում Արևմուտքում ակտիվ բանակցություններ են տարվում Ռուսաստանը «SWIFT» միջազգային վճարային համակարգից հնարավոր անջատման վերաբերյալ: Այդպիսով Արևմուտքը նպատակ է հետապնդում ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի հանդեպ՝ կապված Ուկրաինայի ճգնաժամի հետ: Վերջին օրերին այդ քննարկումները նոր թափ են առել՝ հաղորդում է «Դոլչե Վելե»-ն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն, ով այդ գաղափարի ակտիվ կողմնակիցներից է, խոսելով «SWIFT» համակարգից Ռուսաստանի օտարման մասին, նշել է, որ դա տրամաբանված քայլ կլինի՝ ռուսամետ ուժերի կողմից Ուկրաինայի տարածք հնարավոր ներխուժումներից ապահովագրվելու համար: Ի հակադրումն Քեմերոնի տեսակետի՝ Եվրոպական կենտրոնական բանկի ավստրիացի անդամ Էվալդ Նովոտնին նախազգուշացրել է, որ «SWIFT» համակարգը որպես քաղաքական գործիք կիրառելը կարող է նվազեցնել այդ համակարգի հանդեպ հանրության վստահությունը:

Ռուսատանում «SWIFT» համակարգին միացած է շուրջ 600 բանկ: Տեխնիկական տեսանկյունից «SWIFT»-ից անջատումը կնշանակի ֆինանսական հաղորդակցության բոլոր կապուղիների փակում: «Արդյունքում ռուսաստանյան բանկերը չեն կարող հանձնարարականներ ներկայացնել օտարերկրա բանկերում իրենց շարժական թղթակցային հաշիվների կառավարման համար»,- «Դոլչե Վելե»-ի հետ զրույցում ասել է ֆինանսական շուկաների մասնագետ Ալեքսանդր Աբրամովը՝ հավելելով, որ դա համարժեք է արտասահմանյան բանկերում ռուսաստանյան ակտիվների սառեցման: Այդպիսով հարցականի տակ է դրվում ռուսաստանյան արտաքին տնտեսական պայմանագրերի իրականացումը:

Գերմանացի վերլուծաբանները ևս Ռուսաստանի համար լավատեսական հեռանկարներ չեն տեսնում «SWIFT»-ից օտարվելուց հետո: Ըստ Բեռլինի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Մարսել Ֆրատչերի՝ Ռուսաստանի համար դա ոչ միայն բանկային ճգնաժամի հիմք կդառնա, այլև կհանգեցնի պարտավորվածությունների մարման անկարողության: Փորձագետի կարծիքով՝ այդ քայլը կարող է դառնալ Ռուսաստանի հանդեպ մինչ այժմ կիրառված տնտեսական պատժամիջոցներից խստագույնը:

Նշենք, որ այս կամ այն երկրին «SWIFT» վճարային համակարգից օտարելու լիազորությունը պատկանում է ԵՄ խորհրդարանին, և նմանատիպ որոշման տեպքում «SWIFT»-ի ղեկավարությունը ոչինչ անել չի կարող: Մինչ այժմ նման ծայրահեղ քայլ կիրառվել է միայն Իրանի հանդեպ 2012թ., երբ ԵՄ-ը փորձում էր կանխարգելել Իրանի միջուկային ծրագրի իրականցումը:

8041 | 0
Facebook