Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Գաբյանի «Նռնաքարե վզնոցը» ֆիլմում հերոսուհիներից մեկին կմարմնավորի Մոնիկա Բելուչին

14:51, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Սերժ Գաբյանի «Նռնաքարե վզնոցը» ֆիլմում հերոսուհիներից մեկին կմարմնավորի Մոնիկա Բելուչին

Ռեժիսոր Սերժ Գաբյանի «Նռնաքարե վզնոցը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին ձեռքից ձեռք անցած հայկական վզնոցի յուրօրինակ պատմությունը: «Ֆիլմի հիմնական լեզուն անգլերենն է, քանի որ մեր գերխնդիրն է՝ մի ընտանիքի ու հայկական մի զարդի պատմությամբ համաշխարհային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել Հայոց ցեղասպանության խնդրի և դրա հետևանքների վրա»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցին փոխանցել է ռեժիսորը:

Սցենարի հեղինակ Լիլիթ Մկրտչյանը գրել է վզնոցի պատմությունը` հիմնվելով մի շարք իրական պատմությունների վրա: Նրա ընտանիքը ևս ժամանակին կործանումից փրկվել է ընտանեկան մասունք հանդիսացող՝ մի զարդի շնորհիվ, և հենց այդ իրական պատմությունն է ոգեշնչել հեղինակին գրել «Նռնաքարե վզնոցը» ֆիլմի սցենարը:

Ռեժիսորի փոխանցմամբ` ֆիլմի ստեղծագործական հիմնական խումբը կազմված է լինելու միջազգային մասնագետներից: «Ֆիլմի ստեղծման աշխատանքներում աջակցում է Ռուսաստանում գործող «Աշխարհի մարդիկ» հիմնադրամի նախագահ Ստեֆան Հեքիմյանի: Ֆիլմի գաղափարը դուր է եկել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայկական մի շարք կազմակերպությունների ղեկավարներին, որոնք խոստացել են աջակցել ֆիլմի ստեղծմանն ու հնարավորինս արագ ներկայացնել այն հանդիսատեսի ուշադրությանը»,- նշել է Սերժ Գաբյանը: Նրա խոսքով` այս տարի ամռանը կսկսվեն ֆիլմի նկարահանումները: Գլխավոր հերոսուհու դերակատարման համար պայմանականորեն ընտրված են Էմմա Վոթսոն կամ Էնն Հեթըվեյ ժամանակակից կինոյի հայտնի դերասանուհիները, գլխավոր հերոսի դերակատարման համար` ընտրված են Բրեդլի Կուպերը կամ Ջոշ Հարթնեթը: Իսկ երկրորդ պլանի կարևոր կին կերպարներից մեկի դերակատարման համար կհրավիրվի Մոնիկա Բելուչին:

«Մի քանի գործակալներ արդեն հավանություն են տվել սցենարին և նույնիսկ հիացմունք արտահայտել դրա գաղափարական արժեքի կապակցությամբ: Մոտ օրերս ամեն ինչ ավելի պարզ կլինի»,- նշեց ռեժիսորը, ում հավաստմամբ` արդեն պայմանագրեր են ստորագրվել հագուստի մոդելավորման և արտադրության, նաև ֆիլմի դեկորացիաների և ինտերյերների կառուցման համար: Սերժ Գաբյանի փոխանցմամբ` Ֆիլմի մոնտաժն իրականացվելու է հոլիվուդյան հայտնի տեխնոլոգիական ստուդիաներից մեկում: Ծրագրվում է, որ «Նռնաքարե վզնոցը» մեծ էկրան կբարձրանա այս տարվա նոյեմբերին:

2791 | 0
Facebook