Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Արցախյան պատերազմը` ռեժիսոր Սամվել Թադևոսյանի աչքերով

16:18, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Արցախյան պատերազմը` ռեժիսոր Սամվել Թադևոսյանի աչքերով

Ազատամարտիկ, կինոռեժիսոր և սցենարիստ Սամվել Թադևոսյանի նոր ֆիլմը նվիրված է Արցախի անկախության 25-ամյակին: Այս մասին ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է կինոռեժիսորը:
     «Այն մի յուրահատուկ տարեգրություն է Արցախի անցած ամբողջ ճանապարհից, սկսած` Քրիստոսից առաջ հնագույն ժամանակները: Ֆիլմը մեջբերում է համաշխարհային խոշոր պատմաբանների վկայությունները, առաջին գիտական վավերագրություններն Արցախի մասին, որն ապացուցում է բոլոր ժամանակներում հայկական տարածքը լինելու մասին: Տարեգրությունը ներկայացնում է Արցախի առաջին բախումները քոչվոր ցեղերի հետ, որոնք եկան և Արցախին օտարազգի անուն կնքեցին` Ղարաբաղ»,- պարզաբանեց Սամվել Թադևոսյանը: Նրա հավաստմամբ` ֆիլմն այնպիսի ապացույցներ է բերում, որոնք նույնիսկ ոչ հայկական աղբյուրներից եկող են: «Դրանք 5-7 դար առաջվա տվյալներ են, այն ժամանակ, երբ Ադրբեջան ասվածը դեռ գոյություն չի ունեցել: Այդ վավերագրություններով գալիս ենք մինչև 20-րդ դար»,- պատմեց ռեժիսորն ու հավելեց, որ այս ամենի կողքին ներկայացվում է, թե ինչպես բոլշևիկների օրոք Ղարաբաղը 3 անգամ ընդվզել է, որ այն վերամիավորվի Հայաստանին, ինչը մերժվել է:

Ֆիլմի 2-րդ հատվածն անդրադառնում է Արցախյան պատերազմի սկզբին: «Ֆիլմի առավել ընդգծված հատվածները կռվի թեժ պահերն են` Խոջալու, Շուշի և Լաչին, որի ազատագրումով Արցախը վերամիավորվում է Հայաստանին»,- մեզ հետ զրույցում նշեց Սամվել Թադևոսյանը:

Ռեժիսորի բնորոշմամբ` 53 րոպե տևողությամբ ֆիլմը դասագրքային ճանապարհով է անցնում: «Նա, ով նվազագույն պատկերացում չունի Արցախի մասին, ֆիլմով բավականին ինֆորմացված կարող է լինել»,- ասաց ռեժիսորը: Նրա խոսքով` ֆիլմն արդեն ցուցադրվել է Լաչինում, Ստեփանակերտում, Շուշիում, Երևանում, Մոսկվայում, Բեյրութում և տարբեր երկրներում, ինչպես նաև մեկ անգամ ցուցադրվել է հեռուստատեսությամբ: Ֆիլմը շուտով լայն մասսաներին հասանելի կլինի նաև համացանցում, այն հնարավոր է ցուցադրվի նաև կինոթատրոններում:

Ռեժիսոր Սամվել Թադևոսյան
Ռեժիսոր Սամվել Թադևոսյան
Ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանն, ում պատերազմը վերջնականապես բերեց կինո, «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարքից նկարահանել է 30 ֆիլմ` «Չկրակված փամփուշտներ», «Տղերք, մենք եկանք» և այլ խաղարկային գեղարվեստական ֆիլմեր: Եվ ինչպես ինքն է հաստատում` հուշերում պատերազմից մնացած բազմաթիվ դրվագներ կան, արխիվային նյութեր, որոնք դեռ չեն հրապարակվել: Այդ ամենը հանդիսատեսը տեսնելու հնարավորություն դեռ կունենա: Այժմ նա աշխատում է նոր խաղարկային ֆիլմի վրա, որտեղ կընդգրկվեն արխիվում պահված շատ նյութեր: Ռեժիսորը հույս ունի, որ հաջորդ տարի ֆիլմն արտադրություն կմտնի:

9986 | 0
Facebook