Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Լևոն Ջուլֆալակյանը՝ ապագայի ծրագրերի, Բաքվի խաղերին մեր թիմի մասնակցության և իր առողջական վիճակի մասին

23:05, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Լևոն Ջուլֆալակյանը՝ ապագայի ծրագրերի, Բաքվի խաղերին մեր թիմի մասնակցության և իր առողջական վիճակի մասին
     Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն, Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր հանդիպել է Երևանի թիվ 200 հիմնական դպրոցի աշակերտների հետ։ Հանդիպման ընթացքում Ջուլֆալակյանը խոսել է «Ֆիզկուլտուրա» առարկայի մասին, ինչպես նաև հիշել իր մարզական և մարզչական տարիները։ Հանդիպումից հետո Լ. Ջուլֆալակյանը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում խոսել է ապագայի ծրագրերի մասին։ «Վերադառնալով Եվրոպայի առաջնությունից՝ ապրիլի 8-ից 23-ն ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու Երևանում, ինչից հետո հավաքականը մասնակցելու է Բուլղարիայում կայանալիք Պետրովի անվան միջազգային խոշոր մրցաշարին։ Դրանից հետո պետք է պատրաստվենք սեպտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությունը»։
     Խոսելով Բաքվում կայանալիք եվրոպական օլիմպիական խաղերին մեր հավաքականի մասնակցության մասին՝ Ջուլֆալակյանն ասել է․ «Բաքվի մասին հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Իմ և ֆեդերացիայի կարծիքով` մենք Բաքվի եվրոպական օլիմպիական խաղերին չենք մասնակցի, քանի որ նպատակահարմար չէ։ Վերջնական որոշումը ֆեդերացիան արդեն կայացրել է, ավելի ուշ գրավոր կներկայացնի։ Ամեն դեպքում, մեր գլխավոր նպատակն աշխարհի առաջնությանը պատշաճ պատրաստվելն ու մասնակցելն է։ Մինչ այդ ունենք միջազգային տարբեր մրցաշարեր։ Բայց, ամենակարևորը, իհարկե, աշխարհի առաջնությանը հաջողության հասնելն է, քանի որ այն վարկանշային է»։
     Անդրադառնալով վերջերս սրտի հետ կապված խնդիրներին՝ օլիմպիական չեմպիոնը նշեց, որ արդեն լավ է։ «Ճիշտն ասած՝ այնքան պատահական ստացվեց։ Դահուկներով սարից էի իջնում, երևի ծանրաբեռնվածությունը շատ եղավ։ Փառք Աստծո, ստենդավորումից հետո իդեալական եմ ինձ զգում։ Անալիզների պատասխանը ներկայացնելիս` բժիշկն ասել էր․ «18 տարեկանի անալիզներ են, բայց ոչ ներկայիս 18 տարեկանների, այլ ԽՍՀՄ ժամանակների 18 տարեկանների (ծիծաղում է-հեղ.)»։
3713 | 2
Facebook