Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պաշտոնաթող երկու նախագահները հատուկ իրե՞նք են դիմել, որ այսպիսի նախագիծ բերեք». Զարուհի Փոստանջյան

16:00, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
«Պաշտոնաթող երկու նախագահները հատուկ իրե՞նք են դիմել, որ այսպիսի նախագիծ բերեք». Զարուհի Փոստանջյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ԱԺ-ում ներկայացնում է պաշտոնաթող նախագահի կենսաթոշակի կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Առաջարկվում է պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ` գործող նախագահի աշխատավարձի 70%-ի չափով: Երկրորդ առաջարկությամբ սահմանվում է` պաշտոնաթող նախագահին կահավորված գրասենյակով ապահովել ոչ թե մինչև 70 տարին լրանալը, այլև` ցմահ:
     Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի աշխատավարձը 2014-ի հուլիսի 1-ից կազմում է 1 մլն 300 հազար դրամ:
     Պատգամավորների հարցին` ինչո՞ւ դա չի կիրառվում նաև ԱԺ նախագահի ու վարչապետի դեպքում, նախարարն ասաց, որ սա հատուկ վերաբերմունք է նախագահի ինստիտուտի նկատմամբ:
     «Ինչո՞ւ ոչ` 65 կամ 75%, ինչո՞ւ եք կոնկրետ 70% վերցրել` բյուջեի հետ է կապված, թե՞...»,- հարցրեց ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը:
     «Նախորդ տարի կենսաթոշակի հաշվարկման կարգը փոխվեց, բացի այդ` միջազգային պրակտիկայում ընդունված ցուցանիշ է դա, հաշվի է առնվել նաև եկամտային հարկի մասին օրենքը, որով պահվում է աշխատավարձից»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
     Այնուհետ հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա հետաքրքրվեց` պաշտոնաթող երկու նախագահներն արդյոք կարիք ունե՞ն այդպիսի կենսաթոշակի, քանի որ բավականին բարեկեցիկ կյանքով են ապրում. «1 միլիոնից ավելի մարդ ՀՀ-ում աղքատ է, պապիկ, տատիկներն այսօր ավելի շատ ունեն կենսաթոշակի կարիք, քան նրանք: Հետաքրքիր է` պաշտոնաթող երկու նախագահները դիմում չե՞ն գրել Ձեզ, չե՞ն խնդրել, որ չհատկացնեք, թե՞ հատուկ իրենք են դիմել, որ այսպիսի նախագիծ բերեք»:
     Արտեմ Ասատրյանն ասաց, որ իր տեղեկություններով` պաշտոնաթող նախագահներն այդ գումարներն օգտագործում են բարեգործական նպատակներով, ինչն իրենց իրավունքն է:
     Օրինագծի քննարկումը շարունակվում է:

3503 | 7
Facebook