Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Գարնանային սրացումներ. մասնագետի խորհուրդը սրտանոթային հիվանդություններ ունեցողներին

20:06, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Գարնանային սրացումներ. մասնագետի խորհուրդը սրտանոթային հիվանդություններ ունեցողներին
     Գարնան ամիսներին տարբեր հիվանդություններ մեր օրգանիզմում ավելի են սրվում: Այս մասին են հաստատում նաև մասնագետները: Այդ պատճառով այս շրջանում պետք է ավելի ուշադիր լինեն առավելապես այն մարդիկ, ովքեր առողջական խնդիրներ ունեն սրտի հետ կապված: «Գարնանն, անկայուն եղանակային փոփոխությունների հետ կապված, սրվում են բոլոր սիրտ-անոթային հիվանդությունները, հատկապես զարկերակային հիպերտոնիան և սրտի իշեմիկ հիվանդությունները»,- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Մարինա Օրդյանը: «Բոլոր հիվանդները պետք է իմանան այդ հիվանդությունների սրացումների մասին, պետք է ավելի ուշադիր լինեն իրենց առողջությանը: Հատկապես պետք է ուշադիր լինեն, եթե իրենց մոտ առաջանում է շնչարգելություն ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, սեղմող ցավ հետկրծոսկրային շրջանում, առաջանում է գլխապտույտ, գլխացավ, կարող են առաջանալ խոսակցության խանգարումներ: Դա նշանակում է, որ հիվանդի մոտ կամ ստենոկարդիայի նոպա է, կամ, միգուցե, զարկերակային ճնշումն է բարձրանում»: Մասնագետն այս սեզոնին հիվանդներին խորհուրդ է տալիս անպայման այցելել իրենց սրտաբանին՝ ստացվող դեղերը շտկելու համար և ընդունեն նշանակված բուժումը: Եղանակային կտրուկ փոփոխություն սպասվելու դեպքում էլ՝ սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը:
     Մ. Օրդյանը նշեց նաև, որ այս ձմռանը եղանակային տաք պայմանների հետևանքով սրտանոթային հիվանդությունների սրացումներ ավելի հաճախ են գրանցվել՝ ի համեմատություն անցած տարիների, և սովորաբար գարնանը գլուխ բարձրացնող այլ հիվանդություններ ևս ակտիվ էին ձմռանը:
11030 | 0
Facebook