Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչո՞ւ է Պուտինի անունը բացակայում «Ֆորբես»-ի հրապարակած միլիարդատերերի ցուցակից

15:35, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Ինչո՞ւ է Պուտինի անունը բացակայում «Ֆորբես»-ի հրապարակած միլիարդատերերի ցուցակից

Ինչպես հայտնի է, երեկ «Ֆորբես» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակը, որը թվով 29-րդն է: 1826 հոգանոց ցուցակը, ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս 79,3 մլրդ ԱՄՆ դոլարով գլխավորել է Բիլ Գեյթսը: Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմել է 7,05 տրիլիոն դոլար: Անդրադառնալով այդ ցուցակին՝ «Նյուսուիք» գործակալությունը նշել է, որ անմիջապես աչք է ծակում այն փաստը, որ դրանում բացակայում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը, մարդ, ում կարողությունների մասին լուրերը շատերն են շահարկում:

Ըստ գործակալության՝ «Ֆորբես»-ն իր ցուցակից գիտակցաբար բացառում է այն մարդկանց, ովքեր հանդիսանում են թագավորական ընտանիքների անդամ կամ «բռնապետեր են, ովքեր իրենց հարստությունը կուտակել են բացառապես իշխանության տարիներին»: Հոդվածի հեղինակը ցուցակից մասնավորապես Վլադիմիր Պուտինի բացակայության պատճառը պարզաբանելու համար խոսել է «Ֆորբես»-ի մամուլի քարտուղարի հետ, ով և պատասխանել է. «Պուտինի անունը ցուցակից բացակայում է սոսկ այն պատճառով, որ մենք չկարողացանք պարզել՝ նրան պատկանող բաժնետոմսերի արժեքը կազմում է 1 միլիարդ դոլար, թե ավելի շատ»:
     Սակայն «Ֆորբես»-ը հստակ պատասխան չի տվել այն հարցին՝ համարում է արդյոք Պուտինին բռնապետ:

2012թ. «Bureau of Investigative Journalism» անկախ լրագրողների միավորումը մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ Պուտինն ու իր կինն այդ ժամանակ պաշտոնական տվյալներով բանկում կես միլիոնից պակաս դոլար են ունեցել: Համաձայն այդ տվյալների՝ Պուտինի տարեկան աշխատավարձը կազմել է ընդամենը 140 հազար դոլար: Բայց Պուտինի իրական կարողությունների մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ նրա տրամադրության տակ պալատներ ու զբոսանավեր կան, բացի այդ, նա բազմաթիվ թանկարժեք նվերներ է ստանում, ինչպես օրինակ ժամացույցներ՝ առնվազն 200 հազար դոլար արժողությամբ: Անկախ լրագրողների միավորմանը, սակայն, այդպես էլ չի հաջողվել պարզել՝ արդյոք այդ ունեցվածքը պատկանում է անձամբ Պուտինին, թե պետությանը:

Հարկ է նշել, որ միևնույն 2012թ. քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին անկախ լարգրողների միավորմանն ասել էր, որ հաշվի առնելով «Գազպրոմ»-ում և «Սուրգութնեվտ»-ում Պուտինի ունեցած բաժնետոմսերը՝ նրա կարողությունը մոտավոր 70 միլիարդ դոլար է կազմում:

8794 | 2
Facebook