Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

««Արվեստագետների» գործառույթն աչքերը փակ ապրելն ու քրեաօլիգարխիկ համակարգին չհակադրվելն է». Հովհաննես Թեքգյոզյան

16:18, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
««Արվեստագետների» գործառույթն աչքերը փակ ապրելն ու քրեաօլիգարխիկ համակարգին չհակադրվելն է». Հովհաննես Թեքգյոզյան

Ապրիլի 3-ին աշխարհի բոլոր երկրներում նշվում է գրողների համաշխարհային օրը: Այն սկսել է նշվել 1986-ի մարտի 3-ից` գրողների միջազգային «PEN» ակումբի որոշմամբ:

ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցն այսօր զրուցել է արձակագիր, դրամատուրգ Հովհաննես Թեքգյոզյանի հետ, ում «Փախչող քաղաքը» վիրտուալ կինովիպակը վերջին շրջանում բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել արտերկրում:

«Գիրքն արդեն լույս է տեսել Թուրքիայում հեղինակավոր «Արինթի» հրատարակչության կողմից: Կանադական հանրահռչակ «Մոզայիկ պրես» հրատարակչությունն անգլալեզու շուկայի համար նույնպես պատրաստվում է «Փախչող քաղաքը» լույս ընծայել: Նոր առաջարկներ ևս կան, բայց մանրամասնելը դեռ վաղ է»,- մեզ հետ զրույցում նշեց արձակագիրը:

Ինչ վերաբերում է Հայաստանում գիրք տպագրելուն, Հովհաննեսի խոսքով`դեռ ոչինչ չի նախատեսում: «Թեև, եթե գրքի չվերածված ստեղծագործություններս հավաքեմ, ապա երեք գրքի նյութ կլինի: Անցյալ տարի, ընկերներիս հորդորները լսլեով, դիմեցի Պետական աջակցությամբ գիրք տպագրելու ծրագրին և մերժում ստացա»,-անկեղծացավ Հովհաննեսը:

Նա վերջերս է ավարտել «Արխիվ մարդիկ» պիեսը, որը հեղինակի բնորոշմամբ` թատերական նոր ոճի ու տեսակի որոնման յուրօրինակ փորձ է: «Իր արտահայտչամիջոցներով հեռանում է ավանդական ժանր` բեմ, կուլիս, վարագույր, կերպար, ռեկվիզիտ, սիմվոլ, մետաֆոր հասկացողություններից: Պիեսի գործողությունները կատարվում են տարածքում, որտեղ հայտնված հերոսների դերերը կարող են խաղալ չափահասության սահմանն անցած ցանկացած տարիքի ու սեռի դերասաններ: Իրերը ևս տրանսֆորմացված, զուգորդական տեսակով են արտահայտվում: Պիեսի գործողությունները կատարվում են արխիվում և միաժամանակ՝ ամենուրեք, տեղանքներ, որտեղ հայտնվում են հերոսները»,- մանրամասնում է հեղինակն, ում խոսքով` «Արխիվ մարդիկ» պիեսը վեր է հանում հայ ժողովրդի համար երկու ողբերգական իրադարձությունների պատկերը. 1915 թվականին երիտթուրքական կառավարության հրամանով իրագործված Հայոց Մեծ Եղեռնի և 2008 թվականի մարտի 1-ին ` Երևանի կենտրոնում սպանված անձանց թեմաները:

Հովհաննես Թեքգյոզյանն իր պիեսները հայ բեմում դժվարանում է պատկերացնել, քանի որ նրա բնորոշմամբ` իր պիեսները իրենց տեսակով և ոճական առանձնահատկություններով հակադրվում են կրոնա-իշխանական մամլիչին: «Իսկ դա անընդունելի է բազմաթիվ սիրահոժար «Արվեստագետների» համար, որոնց հիմանական գործառույթն աչքերը փակ ապրելն ու քրեաօլիգարխիկ համակարգին չհակադրվելն է»:

Միակ բանը, որ Հովհաննես Թեքգյոզյանը կցանկանար հայ գրողներին` Հոգևոր վթարի չենթարկվելն է…

4889 | 0
Facebook