Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵԺԿ-ը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բանաձև է ընդունել

14:20, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
ԵԺԿ-ը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բանաձև է ընդունել

Եվրոպական ժողովրդավարական կուսակցությունն այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Անասելի ուրախ և հպարտ եմ: Քիչ առաջ ԵԺԿ-ն ընդունեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Բոլորիս շնորհավորում եմ պատմական արդարության վերականգնման ճանապարհին Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքի աջակցությունն ստանալու կապակցությամբ»:

Նշենք, որ բանաձևը մշակվել էր հայկական երեք՝ «Ժառանգություն», «Օրինաց երկիր» և «Հանրապետական» կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:

Ստորև ներկայացնում ենք բանաձևի ամբողջական տեքստը.

Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական Համաժողովի բանաձև

(ընդունված է 03.03.2015, Բրյուսել, Բելգիայի Թագավորություն)

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը վերահաստատում է հայկական ցեղասպանության և հայ ժողովրդի բռնի տեղահանման փաստը, դատապարտում է այն ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին`ապրիլի 14, 2015:

1. Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները, որոնք ծրագրվել և մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան կայսրության և Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924 թթ: Դրանք են հայրենազրկումը, ոճրագործությունները և էթնիկ գործոնով պայմանավորված բնաջնջումները, որոնք ուղղված էին հայկական բնակչության և նրա մշակութային ժառանգության ոչնչացմանը: Ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու և իրականացված ոճրագործությունները մոռացության մատնելու կամ արդարացնելու փորձերը` որակելով դրանք որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանություններ խրախուսելու միտում:

2. Մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1915թ. հայկական ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին և երախտագիտությամբ խոնարհվում ենք նահատակված, ինչպես նաև փրկված հերոսների առջև, ովքեր պայքարել են կյանքի և մարդկային արժանապատվության պահպանման համար: Ավելին, մենք ընդունում ենք, որ ցեղասպանության հետևանքով բնաջնջման և բռնի տեղահանման են ենթարկվել ոչ միայն հայերը, այլ նաև Պոնտոսի հույները և ասորիները: Մենք հարգում ենք նաև նրանց հիշատակը:

3. Մենք միանում և մեծապես աջակցում ենք հայ ժողովրդի միջազգային պայքարին, որը տարվում է ցեղասպանությունների կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման, ամրագրման և պատմական արդարության հաստատման համար:

4. Կոչ ենք անում Թուրքիային հետևել հետպատերազմյան Գերմանիայի կողմից ցուցաբերած բացառիկ շիտակության ու նախաձեռնողականության օրինակին, պատմությունն ընդունելու և հայկական ցեղասպանութան և դրան հետևող ունեզրկման ներկայիս իրականությունը ճանաչելու, ինչպես նաև, նյութական և բարոյական հատուցումը ապահովելու գործում` իրականացնելով եվրոպական երկրին վայել քաղաքականություն, որը ներառում է պատմական հողերի վերադարձը հայ բնակչությանը, հայ ընտանիքների վերամիավորումն իրենց ազգային օջախներին և դրանից բխող ճշմարտության միջոցով հաշտության հասնելու հրամայականի իրագործմանը:

5. Դիմում ենք Թուրքիայի կառավարությանն իր ստանձնած օրենսդրական պարտավորությունները հարգելու և կյանքի կոչելու պնդումով, ներառյալ այն դրույթները, որոնք վերաբերվում են հայկական մշակութային ժառանգության պահպանմանը: Մասնավորապես այդ համատեքստում կարևորվում է անցյալ դարում բնաջնջման կամ ոչնչացման ենթարկված հայկական և այլ մշակութային ժառանգությունների մանրամասն ցուցակագրումը, հնագույն մեծ քաղաքների, եկեղեցիների, դպրոցների, գերեզմանոցների և Արևմտյան Հայաստանում տեղակայված այլ պատմամշակութային արժեքների վերականգնման ռազմավարության զարգացման հեռահար նպատակով` դարձնելով վերոհիշյալ հաստատություններից շատերը գործող մշակութային և կրոնական կենտրոններ:

6. Մենք կոչ ենք անում ԵՄ, Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին, միջազգային կազմակերպություններին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց անկախ իրենց ազգային և կրոնական պատկանելիությունից, միավորել ջանքերը պատմական արդարությունը վերկանգնելու և հայկական ցեղասպանության անմեղ զոհերին հարգանքի արժանի տուրք մատուցելու գործում.

7. Հաշվի առնելով վերոհիշյալ դրույթները` ԵԺԿ-ն կոչ է անում Թուրքիային ձեռնարկել իր ստանձնած միջազգային պարտավորությունների և իր որդեգրած եվրոպական չափանիշներին համապատասխան միջոցառումներ.

• Ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից կատարված հայկական ցեղասպանությունը` սթափ գնահատելով սեփական պատմությունը և հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված այլ զազրելի ոճրագործությունների զոհերի հիշատակին:

• Ձևավորել իրապես եվրոպական Թուրքիային համապաստախանող տեսլական, ինչպես նաև, գործողությունների ծրագիր, որն իր մեջ ներառում է խոսքի ազատությանը և հայկական ցեղասպանությանը վերաբերող հարցերի ազատ բարձրաձայնումը պետական հասարակական և կրթական հասատատությունների մակարդակով, ինչպես նաև կրոնական և մշակութային հուշարձանների վերականգնումը և դրանց հանձնումը հայակական և այլ համայնքներին:

• Ձեռնարկել երկար սպասված հայկական ազգային ժառանգության ճանաչումը, որը հիմնված կլինի հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորման, խարսխված պատմության ընդունման, կնճռոտ հարցերի խաղաղ կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների լիակատար եվրոպականացման վրա:

8. Կոչ ենք անում Եվրոպական Միությանը, ԵՄ Հանձնաժողովին, Խորհդրին և Խորհրդարանին, ինչպես նաև ողջ միջազգային հանրությանն ի գնահատումն Թուրքիայի ստանձնած պարտավորություններին` կենտրոնացնել ուշադրությունը ճանաչման և մեր ընդհանուր ժառանգության վերականգնման և վերահաստատման վրա, ընդսմին, առաջադրված, այնուհետ և նշվող ապրիլի 24-ը հայկական զոհերի հիշատակի պաշտոնական օր ընդունելու, հայկական ցեղասպանությունը և մարդու կողմից մարդու հանդեպ կատարվող ոճրագործությունները դատապարտելու համար:

9. Լիահույս ենք, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը նոր էջ կբացի հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացում:
3660 | 1
Facebook