Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազատամարտիկները շարունակում են պարգևները հանձնել Ժիրայր Սեֆիլյանին

18:36, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Ազատամարտիկները շարունակում են պարգևները հանձնել Ժիրայր Սեֆիլյանին
     «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը հաղորդագրութուն է տարածել, որում նշվում է, որ ազատամարտիկները շարունակում են պարգևները հանձնել Ժիրայր Սեֆիլյանին.
    
     «Այսօր՝ 2015թ. մարտի 2-ին, հայտնի ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանը և Մխիթար Ավետիսյանը հրաժարվել են իրենց պետական պարգևներից և դրանք հանձնել են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի 1-ին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին:
     Քերոբ Ղազարյանը և Մխիթար Ավետիսյանն իրենց պարգևները հանձնել են ի նշան 2015թ. հունվարի 31-ին Բերձորում կատարված պետական ահաբեկչության դեմ բողոքի: Նրանք այդ օրը Արցախի կողմից եկել էին դիմավորելու «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման ավտոերթի մասնակիցներին, սակայն նրանց թույլ չէին տվել հասնել ավտոերթին և դաժան ծեծի ենթարկելով՝ հետ էին ուղարկել:
     Քերոբ Ղազարյանը Արցախյան ազատամարտի տարիներին մարտնչել է Շուշիի առանձնակի գումարտակի կազմում, մասնակցել է Շուշիի ազատագրմանը:
     Ազատամարտից հետո լծվել է բանակաշինության գործին, զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ: 1998-2000թթ. եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար:
     Պահեստազորի փոխգնդապետ է:
     Քերոբ Ղազարյանը հանձնել է «Շուշիի ազատագրման համար» և «Մարտական ծառայության» մեդալները:
     Մխիթար Ավետիսյանը Արցախյան ազատամարտին մասնակցել է որպես հրետանավոր: Եղել է հրետանային մարտկոցի, այնուհետև՝ դիվիզիոնի հրամանատար:
     Ազատամարտից հետո զբաղեցրել է հրամանատարական տարբեր պաշտոններ: Եղել է հրետանային բրիգադի շտաբի պետի տեղակալ:
     Պահեստազորի մայոր է:
     Մխիթար Ավետիսյանը հանձնել է «Արիության մեդալ»-ը»:
    
3770 | 0
Facebook