Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ինչպե՞ս վարվել, երբ երեխան հրաժարվում է քնելուց». բացահայտում է մանկաբույժը

17:06, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
«Ինչպե՞ս վարվել, երբ երեխան հրաժարվում է քնելուց». բացահայտում է մանկաբույժը

Ինչպես վերահսկել փոքրիկի քունը, ի՞նչ անել, երբ նա համառորեն հրաժարվում է ցերեկային քնից: Պարտադրե՞լ, թե՞ թողնել նրա հայեցողությանը: Այս հարցերի շուրջ ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը զրուցել է մանկաբույժ Աննա Դանիելյանի հետ: Նրա խոսքով` յուրաքանչյուր երեխա ունի իր քնի յուրօրինակ ռեժիմը:

«Որոշ երեխաներ քնում են ավելի շատ ցերեկը, իսկ որոշները գիշերը: Որպեսզի մայրիկները կարողանան վերահսկել իրենց փոքրիկի քունը, անհրաժեշտ է երեխայի համար սահմանել քնի որոշակի ռեժիմ և խստորեն հետևել դրան: Եվ, իհարկե, ցանկալի է ռեժիմի հետ միասին երեխային քնեցնել միշտ իր մահճակալում: Մինչև մեկ տարեկան հասակի երեխաները քնում են ցերեկը սովորաբար երկուսից երեք անգամ, մեկ տարեկանից հետո, ընդհամենը մեկ անգամ: Երեխայի քնի ժամը չպետք է հետաձգվի ինչ-ինչ կենցաղային պատճառներով: Երեխաները հեշտությամբ հասկացնում են, որ արդեն պատրաստ են քնելու, կամ տրորում են աչիկները, կամ լալիս են առանց պատճառի, այս դեպքում անմիջապես պառկեցրեք երեխային, ավելի ուշ դա դժվարությամբ կհաջողվի»,- նշեց մասնագետը:

Նրա խոսքով` ճիշտ կլինի երեխային սովորեցնել ինքնուրույն քնել: «Դա ավելի հեշտ է սկսել փոքր երեխաներից, մոտ երեք ամսական հասակից երեխան կսովորի ինքնուրույն քնել, այս դեպքում երեխաները քնում են ավելի երկար»,- պարզաբանեց մանկաբույժն, ում հավաստմամբ` երեխային պարտադրել պետք չէ: «Նա ձեզ կհասկացնի երբ պատրաստ լինի: Խորհուրդ չի տրվում օրորել երեխային: Երեխայի քնի ռեժիմ պահպանելը պահանջում է համբերություն, սակայն, եթե դա ձեզ հաջողվի վաղ հասակում, երեխայի համար առողջ քունն ապահոված է»:

17287 | 0
Facebook