Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«10 տարով վկայական են ստանում, բայց ո՞վ իմանա` 2 տարի հետո էդ վարորդի առողջականում ի՞նչ կփոխվի». Էդվարդ Հովհաննիսյան

10:40, շաբաթ, 28 փետրվարի, 2015 թ.
«10 տարով վկայական են ստանում, բայց ո՞վ իմանա` 2 տարի հետո էդ վարորդի առողջականում ի՞նչ կփոխվի». Էդվարդ Հովհաննիսյան

Մեկ շաբաթ առաջ Նորք Մարաշում տեղի ունեցած ողբերգական վրաերթի հետևանքով մահացան 8 ամսական երկվորյակ եղբայրներ, իսկ նրանց մայրն ու մեկ այլ հետիոտն տեղափոխվեցին հիվանդանոց: Վարորդին մեղադրանք առաջադրվեց, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ ողբերգական վրաերթի հեղինակ-վարորդն ունի էպիլեպսիա հիվանդություն և սրտի հետ կապված խնդիրներ. փորձագետներն այժմ ուսումնասիրություն են կատարում: Սա քննադատությունների թեմա դարձավ հասարակության շրջանում, թե ինչո՞ւ մարդու առողջական վիճակը պատշաճ քննարկման առարկա չի դառնում ինչպես վարորդական վկայական ձեռք բերելու ժամանակ, այնպես էլ դրանից հետո:
     «Վկայական հանելուց պոլիկլինիկայից տեղեկանք են տանում ու 10 տարվա վկայական ստանում, բայց ո՞վ իմանա` 2 տարի հետո էդ վարորդի առողջականում ինչ կփոխվի: Թե այդ տարիների ընթացքում նրա հետ ինչ կկատարվի, ոչ մեկ չգիտի ու ոչ մեկ չի ստուգում, այ հենց այստեղ է բացը: Պարբերաբար ստուգում պետք է կատարվի, գոնե 2-3 տարին մեկ` ինչպես Խորհրդային միության ժամանակ էր, այս մասին մենք մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք»,- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
     Ինչ վերաբերում է մեքենայի ղեկին նստելն արգելող հիվանդությունների ցանկին, ապա Հովհաննիսյանի խոսքով` ցուցակը հաջող չէ. «Շատ հիվանդությունների մասին չկա գրած: Միայն աչքի, ստորին կամ վերին վերջույթի բացակայությունը շատ քիչ է»,- ասաց նա` հավելելով, որ Առողջապահության նախարարի նախաձեռնությամբ արդեն հանձնաժողով է ստեղծվել, որտեղ ընդգրկված մասնագետներն այժմ զբաղվում են վարորդական վկայական ձեռք բերողների առողջական վիճակի հետ կապված կարգի վերանայմամբ, հանձնաժողովի անդամ է նաև Էդվարդ Հովհաննիսյանը. «Առաջարկներ պատրաստել եմ ու ներկայացնելու եմ: Դրանցից մեկն էլ վերաբերում է նրան, որ եթե նախկինում անձի մեկ աչքը չէր տեսնում, վկայական չէին տալիս, իսկ հիմա տալիս են, ավելին, 100 տոկոս տեսողությունն էլ պարտադիր չէ, նաև այս հարցն եմ բարձրացնելու»,- ասաց նա:

3730 | 6
Facebook