Խնդրում ենք սպասել...

Բողոքի գիրք

«Գլուխները «մտցնում են» հեռախոսի մեջ, իբրև թե ոչինչ չեն տեսնում». մեծահասակների բողոքն` ուղղված երիտասարդներին

16:43, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
«Գլուխները «մտցնում են» հեռախոսի մեջ, իբրև թե ոչինչ չեն տեսնում». մեծահասակների բողոքն` ուղղված երիտասարդներին

«Երիտասարդներն անտարբեր են և անուշադիր, հատկապես` աղջիկները. գլուխները «մտցնում են» հեռախոսի մեջ, իբրև թե կողքերը ոչինչ չեն տեսնում: Միջին սերնդի ներկայացուցիչներն ավելի հեշտությամբ են զիջում իրենց տեղը մեծահասակներին, քան երիտասարդները»,- ավագ սերնդի ներկայացուցիչների բողոքը լսել է ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցն ու այս առիթով զրուցել դերասանուհի Մարի Սանթրոսյանի հետ, ով ևս օգտվում է քաղաքային երթուղուց: Դերասանուհին չի կիսում կարծիքը, թե աղջիկներն ավելի անտարբեր են:

«Ես կարծում եմ` հակառակը, հենց աղջիկներն են զիջում իրենց տեղը մեծահասակներին և առավելևս` հղիներին: Ես ինքս բազմիցս զիջել եմ»,- անկեղծացավ դերասանուհին, ում խոսքով` տղան իրեն հրելով բարձրացել է, փորձելով` ավելի արագ բարձրանալ ու նստել իր տեղը: «Կարևորը` տաք-տաք նստեն իրենք»,- նշեց Մարին:

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցին այս թեմայի շուրջ իր կարծիքն է հայտնել արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանն, ով հաճախ է օգտվում հասարակական տրանսպորտից: Նրա կարծիքով` ճիշտ հակառակը` լավ էլ զիջում են, եթե տարված չեն հեռախոսներով: Իսկ հեռախոսներով տարված լինելը նա չի համարում դիտավորություն:

«Այսօր արհեստական շփումները գրավել են մեր հասարակությանը, բայց գոնե հասարակական վայրերում կարելի է ժամանակավորապես հրաժարվել դրանցից ու մի քանի րոպե կենդանի շփվել, նայել մարդկանց աչքերի մեջ»,- նշեց Գուրգեն Խանջյանը, ում խոսքով` իրեն ևս զիջում են երիտասարդները: «Եթե աղջիկ է զիջողը, համառորեն չեմ նստում»,- խոստովանեց դրամատուրգը: Նրա կարծիքով` այսօրվա երիտասարդներն անտարբեր չեն, շատ ավելի կիրթ ու դաստիարակված են, քան 10 տարի առաջ: «Պարզապես ավելի պրագմատիկ են, դա էլ արհեստական շփումների հետևանքն է: Կուզեի ավելի հանդուրժող լինեին»,- եզրափակեց նա:

7663 | 9
Facebook